Խոսրով Հարությունյան. Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը նախ և առաջ բխում է Ռուսաստանի շահերից
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը բխում է, թե՛ Ռուսաստանի և թե՛ Հայաստանի` անվտանգության ոլորտում ռազմավարական հետաքրքրություններից,- Panorama.am-ի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:
«Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցության խնդիրը իր մեջ ի թիվս քաղաքական, տնտեսական բաղադիչների, իր մեջ, անկասկած, պարունակում է աշխարհաքաղաքական կամ ռազմաքաղաքական ավտանգության բաղադիչ: Սակայն շատ կարևոր է շեշտել այն իրողությունը, որ այստեղ խոսքը գնում է ոչ միայն Հայաստանի և Արցախի անվտանգության, այլ նաև Հարավային ուղղությամբ Ռուսաստանի շահերի անվտանգության ապահովման մասին: Սա է կարևորը: Այն տեսակետը, թե Մաքսային միությանը անդամակցությունը բացարձակապես բխում է միայն Հայաստանի անվտանգության շահերից, թերի է և քաղաքական առումով կիսատ-պռատ: Մենք պետք է հասկանանք, որ այս գործընթացը, նախևառաջ, բխում էր Ռուսաստանի շահերից, այլապես պաշտոնական Մոսկվան այդչափ նախանձախնդիր վարք չէր ցուցաբերի այս հարցում: Այնուհանդերձ, կարող ենք փաստել, որ այս քաղաքական մտադրությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար անվտանգության տեսանկյունից լուրջ երաշխիքներ է պարունակում»,- ասաց Խ. Հարությունյանը:
Այդ դեպքում Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշումը կարո՞ղ է արդյոք որոշակի ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա: Սրան Խ. Հարությունյանը պատասխանեց. «Դեպքերի նման զարգացումը ես չեմ բացառում: Ինչպիսի՞ն կլինի այդ ազդեցությունը` դժվարանում եմ նշել, սակայն ակնհայտ է, որ Ստատուս-քվոյի պահպանման հեռանկարը էլ ավելի է ամրապնդվում: Ամբողջ տարածաշրջանը ներկայումս շատ ավելի պաշտպանված է ռազմական արկածախնդրություններից, քան թե նախկինում»:
Բանախոսը չբացառեց նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի նոր փուլի սկիզբը:
«Հաշվի առնելով ԱՄՆ-ն նախագահի` շատ ակտիվ և վճռական մասնակցությունը ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ նորանշանակ համանախագահի գործունեության մեկնարկում, կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները մտադիր են, այսպես ասած` «ավելի մոտիկից», զբաղվել ԼՂ հակամարտության կարգավորմամբ»,- նշեց Խոսրով Հարությունյանը:
Բանախոսի համոզմամբ, Հայաստանի նման երկրները պետք է իրենց վարած քաղաքականությամբ նպաստեն տարածաշրջանում խոշոր միջազգային խաղացողների համագործակցությանը, այլ ոչ թե առճակատմանը:
«Մեր շահերից է բխում որ, ԱՄՆ-ը ՌԴ-ն և Եվրոպան Հարավային Կովկասում համագործակցեն: Տարածաշրջանը բալանսավորման կարիք ունի և ներկայումս գնում է այդ բալանսի փնտրտուքը»,- նշեց Խ. Հարությունյանը:
«Տարածաշրջանում Ռուսաստանի շահերի հետ հաշվի չնստել չի կարելի: Չնդունել դա, նշանակում է չգիտակցել գլոբալ քաղաքականության իրական մարտահրավերները: Այս իրողությունը պետք է ճանաչել, և ոչ թե գնալ առճակատման, այլ փորձել ձևավորել համագործակցության նոր ձևաչափեր»,- եզրափակեց Խ. Հարությունյանը: