Աշխեն Թովմասյան. Սպիտակի երկրաշարժի օրվանից ամեն հեռացող օրը մեզ հզոր երկրաշարժի է մոտեցնում (Տեսանյութ)
Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվություն է գրանցվում, որը չի կարող անվտանգ համարվել Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը նույն սեյսմիկ ակտիվություների գոտում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը։
Նա նշեց, որ այդ երկրաշարժերը մեր տարածաշրջանի համար զարմանալի չեն: «Այս պահին սեյսմիկ վիճակը այնպիսին է Հայաստանում, որ վերջին շրջանում Սպիտակի երկրաշարժից հետո լուրջ իրադարձություններ չենք ունեցել: Սպիտակի երկրաշարժից անցել է 25 տարի, այդ օրվանից ամեն հեռացող օրը մեզ հզոր երկրաշարժի է մոտեցնում»,-ասաց նա։
Աշխեն Թովմասյանի բնորոշմամբ՝ պատմությունը ցույց է տվել, որ նման ուժգնությամբ երկրաշարժերը տեղի են ունենում նախորդից 20-25 տարի անց։
Ասուլիսին ներկա էր նաև ՍՊԱԾ շենք-շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը, ով նկատեց, որ երկրաշարժն ազգային անվտանգության խնդիր է: «Երկիր մոլորակը զարգանում է և դրանով պայմանավորված, ինչպես հրաբուխներ են արթնանում, այնպես էլ երկրաշարժեր: Մեր երկրի սեյսմիկ վտանգը գնահատվել է 9 բալ և ավելի: Դա նշանակում է, որ լինելու է ուժեղ երկրաշարժ և մենք պետք է նախապատրաստվենք դրան»,- ասաց Գուրգեն Նամալյանը:
Աշխեն Թովմասյանը նշեց, որ հինգ մագնիտուտ հզորությամբ երկրաշարժերը միջին ուժգնության են և վատ չէ, որ լինում են, դրանցով լիցքաթափ է տեղի ունենում: «Սակայն մյուս կողմն էլ կա: Վատ չէ, եթե դրանք ավելի ուժեղ երկրաշարժի նախանշաններ չեն: Եթե դրանք պարպվում են, իհարկե լավ է, իսկ եթե նախորդում են ավելի ուժգին երկրաշարժի, ապա լուրջ խնդիր կա ուսումնասիրելու և պարզելու՝ դա նախացնցո՞ւմ է, թե՝ ոչ»,- ասաց նա: Մասնագետը նկատեց, որ ամեն բան պայմանավորված է առանձին դեպքերով և առանձին տարածքներով:
Աշխեն Թովմասյանը տեղեկացրեց, որ թույլ երկրաշարժերին վերջին տասը տարիներ ընթացքում շատ զգույշ են վերաբերում: «Սպիտակում ամռան ընթացքում թույլ երկրաշարժեր էին տեղի ունենում և դրանց հետևեց դեկտեմբերի հզոր երկրաշարժը: Թույլ երկրաշարժերը ճեղքերի առաջացման նշաններ են և քիչ անց կարող է ավելի մեծ ճեղք բացվել: Վաղը, մյուս օրը, երկու շաբաթից սպասվող երկրաշարժի տեղեկություն չկա: Չեմ ուզում, որ խուճապի պատճառ դառնա, բայց մենք ունեցել ենք ուժեղ երկրաշարժ և կարող ենք նորից ունենալ,- ասաց նա և նշեց, որ հնարավոր ուժեղ երկրաշարժերից պետք չէ վախենալ: Դրանց հարկավոր է լավ նախապատրաստվել, իսկ այսօր սեյսմոլոգիական ցանցի կատարելագործման ինտենսիվ աշխատաքներ են կատարվում»:
Հավելենք, որ 9 ամիսների ընթացքում տարածաշրջանում գրանցվել է շուրջ 3000 երկրաշարժ, որոնցից 1000-ից ավելիի դեպքում հնարավոր է եղել որոշել օջախի պարամետրերը։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում