«Կենտրոնի դատարանով կյանքը չի վերջանում». «Էպոսագետի» գործով Սիրունյանը կհասնի մինչև Եվրադատարան (տեսանյութ)
«Էս դատավարությունից ամեն ինչ էլ ակնկալում էինք: Մենք անընդհատ ասում էինք` արագացրեք ինչ անում եք, որովհետև Կենտրոնի դատարանով կյանքը չի վերջանում», - այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Սեդրակյանի և մյուսների գործով վճիռը հրապարակելուց հետո հայտարարեց Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը:
Նա ասաց, որ վերաքննիչ բողոք պարտադիր ներկայացնելու են, և եթե Վերաքննիչ դատարանում հաջողություն չունենան, կդիմեն Վճռաբեկ, այնուհետև` Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հայաստանում արդար դատավարության ակնկալիք, Սիրունյանն այնուամենայնիվ ունի: «Ունենք, ունենք արդար դատավարության ակնկալիք. Կենտրոնի դատարանով կյանքը չի վերջանում», -հավելեց նա:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Վարդան Սեդրակյանը դատապարտվել էր 14 տարի ազատազրկման: «Շատ խիստ պատիժ էր», -նկատեց Սիրունյանը` ընդգծելով, որ իր պաշտպանյալ Վարդան Սեդրակյանն այս գործի հետ կապ չունի և պատիժը նշանակվել է «աչքաչափով»:
Այս գործով ամբաստանյալներ էին նաև Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը, որոնց համար մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը միջնորդել էր համապատասխանաբար` 14 և 13 տարվա ազատազրկում: Այսօր դատարանի վճռով Խաչատուր Պողոսյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման, իսկ Սամվել Հարությունյանը` 13:
Դատավճիռը նորմալ ընդունվեց նիստերի դահլիճում նստած ամբաստանյալների հարազատների կողմից: Վարդան Սեդրակյանը նույնիսկ ժպտում էր դատավորի հրապարակած վճռից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում