ՀՀ-ն ու ՌԴ-ը սերտ համագործակցություն ունեն կրթական ոլորտում. Միջկառավարական համաձայնագիր կա
Հայաստանը և Ռուսաստանը կրթական ոլորտում սերտ համագործակցություն ունեն տարբեր ուղղություններով, առաջին հերթին` իրավապայմանագրային առումով: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը:
«Վերջին քսան տարիների ընթացքում բազմաթիվ պայմանագրեր են կնքվել, այդ թվում նաև` «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև կրթության գիտական աստիճանների և գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը: Դա միջկառավարական համաձայնագիր է, իսկ միջպետական, միջկառավարական համաձայնագրերը գերակա ուժ ունեն նաև երկրների օրենքների վրա: Երբ խնդիրներ են առաջանում, ապա նախապատվությունը տրվում է միջպետական համաձայնագրերին»,- ասաց Տիգրան Սահակյանը` անդրադառնալով ՌԴ վարչապետի ստորագրած հրամանագրին, համաձայն որի այսուհետ Ռուսաստանում ճանաչվելու են միայն 23 երկրի 201 բուհերի դիպլոմներ, որոնց թվում Հայաստանը չկա:
Նա ընդգծեց, որ մեր ունեցած այս համաձայնագրով ՌԴ բոլոր կրթական և գիտական ավարտական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանում և հակառակը: «Ինչ վերաբերում է ՌԴ վարչապետի այս որոշմանը, այնտեղ հստակ նշված է, որ այդ 23 երկրների 201 ուսումնական հաստատությունները միջազգային վարկանիշով բարձր համալսարաններն են, որոնք դուրս են այս միջպետական պայմանագրային համակարգից»,- ասաց Տիգրան Սահակյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետը նկատեց, որ ՌԴ կառավարության այս նոր հրամանագիրը տարածվում է այնպիսի բուհերի վրա, ինչպիսին են Սինգապուրի ազգային համալսարանը, Մասաչուսեթսի համալսարանը: «Այդ երկրների հետ Ռուսաստանը չունի փոխճանաչված համաձայնագիր, հետևաբար, երևի թե, այս որոշման կայացումը խնդիր է առաջացել կոնկրետ այդ բարձր վարկանիշ ունեցող բուհերի փաստաթղթերի ճանաչումը ֆիքսելու համար»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում`
ՌԴ-ում այսուհետ ճանաչվելու են ևս 201 բուհերի դիպլոմներ (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան