Զ. Աբաշիձե. Ռուսաստանն ու Վրաստանը լուծել են հարաբերություններում կուտակված մի շարք կարևոր խնդիրներ
Ռուս-վրացական ուղղակի երկխոսության ընթացքում հաջողվել է լուծել երկու պետությունների հարաբերություններում կուտակված մի շարք կարևոր խնդիրներ: Այս մասին «Իտար-Տասս»-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
«Երկխոսության ընթացքում քննարկվել ու լուծում են ստացել այնպիսի բարդ հարցեր, որոնք կապված են տրանսպորտային և հումանիտար-մշակութային ոլորտներում համագործակցության, դեպի Ռուսաստան վրացական արտադրանքի արտահանման վերականգնման հետ»,- նշել է Զ. Աբաշիձեն:
Նա տեղեկացրել է, որ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ իր առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2012թ.-ի դեկտեմբերին Ժնևում:
«Վերջին 10 ամիսների ընթացքում եղել է այդպիսի 4 հանդիպում, վերջին հանդիպումը տեղի է ունեցել Պրահայում անցյալ շաբաթ: Յուրաքանչյուր հանդիպմանը նախորդել է նախապատրաստական, ինչպես նաև արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ մեծ աշխատանք»,- ընդգծել է Զ. Աբաշիձեն:
Վերջինս հավելել է նաև, որ երկկողմ հանդիպումների ամենասկզբից ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այդ ձևավաչափով չեն քննարկվի այն բարդ թեմաները, որոնք քննարկվում են Ժնևյան բանակցությունների ձևաչափով:
Հիշեցնենք, որ 2008թ.-ի օգոստոսի 8-ին սկիզբ առած հնգօրյա ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը, ինչից հետո մինչ օրս դադարեցված են Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները:
Ժնևյան բանակցություններն անցկացվում են 2008թ.-ի հոկտեմբերից` հիմք ընդունելով ԵՄ-ի, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի միջնորդությամբ հրադադարի և այլ հարցերում ձեռք բերված համաձայնությունները: Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է անցկացնել 2013թ.-ի հոկտեմբերի 15-16-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա