Բացվեց Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի նոր համալիրը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է Հանրապետական բժշկական կենտրոնի նոր համալիրի բացման հանդիսավոր արարողությանը. տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Բակո Սահակյանի բնութագրմամբ` երկրի գլխամասային բժշկական հաստատության գործունեությունը նոր որակ կհաղորդի Արցախում առողջապահության ոլորտի զարգացման, տարբեր հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման գործընթացներին:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ազգային բարերար Սամվել Կարապետյանին Հանրապետական բժշկական կենտրոնի նոր համալիրի կառուցման համար՝ ընդգծելով, որ դա հայրենասիրության և հարազատ ժողովրդին նվիրվածության լավագույն դրսևորումներից է:
Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրհամյանը, Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Մեծ Բրիտանիայի Lորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր արտերկրից: