Բաքու ժամանած Իրանի սահմանապահների պատվիրակությունը հրաժարվել է այցելել Հեյդար Ալիևի գերեզման և Շեհիդների ծառուղի
Իրանի ոստիկանության սահմանային ծառայության հրամանատար, գեներալ Հուսեյն Զուլֆուգարին Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ժամանակ աննախադեպ իրարանցում է առաջացրել: «Azpolitika.info» կայքը հայտնում է, որ իրանցի գեներալը խախտել է նախապես համաձայնեցված արարողակարգը և հրաժարվել է այցելել Հեյդար Ալիևի գերեզմանին:
Զուլֆուգարին Ադրբեջան է այցելել երկրի պետական սահմանային ծառայության պետ Էլչին Գուլիևի հրավերով: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` այցի նպատակը թմրանյութերի տարածման դեմ և սահմանների անվտանգության պահպանմանն ուղղված համատեղ պայքարի ամրապնդումը քննարկելն էր:
Սակայն երկու հրամանատարների միջև բանակացություններն անցել են ծայրահեղ լարված մթնոլորտում: Երկու գործընկերների միջև վիճաբանություն է ծագել այն բանի համար, որ Իրանի պատվիրակությունը, խախտելով արարողակրագը, հրաժարվել է առաջին օրվա ընթացքում այցելել Ադրբեջանի «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիևի գերեզմանին, ընդ որում` նա որևէ բացատրություն չի տվել: Իրանցի հրամանատարը հրաժարվել է այցելել նաև Բաքվի Շեհիդների ծառուղի:
Տվյալ արարքը լայն արձագանք է առաջացրել, և ադրբեջանական գործընկերոջը համոզելու փորձերն անգամ չեն օգնել. վերջինս արարողակարգի խախտման մասին բողոքել է Ադրբեջանում Իրանի դեսպանին: «Դուք ինձ նախագահի առջև անհարմար դրության մեջ եք դնում», - հայտարարել է Էլչին Գուլիևը, սակայն դեսպան Մոհսուն Փակ Այինը պատասխանել է, որ հարցն իր իրավասությունների շրջանակներից դուրս է:
Չի կայացել նաև Հուսեյն Զուլֆուգարիի այցը Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայության ակադեմիա: «Տվյալ տեղեկատվությունը հաստատում են նաև ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք իրանցի գեներալի` Հեյդար Ալիևի գերեզման և Շեհիդների ծառուղի նախատեսված այցի վերաբերյալ որևէ լուսանկար կամ ապացույց չեն հրապարակում»,- նշում է կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա