«Մենք բոլորս հոգեպես քեզ հետ ենք». Մարդիկ օգնում են փոքրիկ Լիզային
«Բարև Լիզա, ուզում եմ մայրիկը քո համար կարդա «Փոքրիկ Իշխանը: Նա հավատում է ամենապարզ ու ամենալավ բաներին: Ուզում եմ դու էլ հավատաս նրա նման, որ պաշտպանես քո մաքուր ու անբիծ մոլորակը», «Անուշիկս, քեզ առողջություն: Մենք բոլորս հոգեպես քեզ հետ ենք, շուտ լավացի: Ամեն ինչ լավ է լինելու» այս ու այլ տարբեր գրություններով նախօրեին «ԱրտԲրիջ»-ում 5-ամյա Լիզայի բուժման համար քաղաքացիները հանգանակության հետ միասին բացիկներ են թողել` երեխային փոխանցելու համար:
Ֆեյսբուքյան «1000 դրամ Լիզայի փրկության համար» խմբի նախաձեռնությամբ երեկ երեկոյան ժամը 18:00-ից մինչև 21:00-ն կազմակերպված դրամահավաքի ժամանակ շուրջ 20 քաղաքացու օգնությամբ հավաքվել է 255 հազար դրամ: Գումարն այսօր առավոտյան փոխանցվել է երեխայի համար «ՎՏԲ - Հայաստան Բանկ»-ում բացված հաշվեհամարին:
Ավելի վաղ Panorama.am-ը անդրադարձել էր Լիզա Պողոսյանին տանջող հիվանդությանը և տեղեկացրել, որ երեխայի մոտ գլխուղեղի ուռուցք է հայտնաբերվել: Երևանում վիրահատությունից հետո բժիշկները խորհուրդ էին տվել բուժումը շարունակել արտերկրում, քանի որ այստեղ այդ հնարավորությունները չկային: Պողոսյանների ընտանիքը սակայն, բավականաչափ գումար չուներ բուժման համար, և մեր հրապարակումից հետո բազմաթիվ մտահոգ քաղաքացիներ գումարներ փոխանցեցին երեխայի բուժման համար:
Այժմ փոքրիկ Լիզան իր ծնողների հետ Մոսկվայում է, երկրորդ վիրահատությունը, ինչպես հայրը` Դավիթ Պողոսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, բարեհաջող է անցել: Երեխան քիմիոթերապիայի առաջին կուրսը ստացել է և պատրաստվում է երկրորդը ստանալ, որի համար անհրաժեշտ է 180 հազար ռուսական ռուբլի (5.400 ԱՄՆ դոլար): Ընդհանուր առմամբ, երեխան պետք է ստանա ևս 2 կուրս քիմիոթերապիա, իսկ դրան կհաջորդեն ճառագայթման կուրսերը:
Դավիթ Պողոսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ Լիզան, ի տարբերություն նախորդ օրերի, սկսել է կատակել, ծիծաղում է, ախորժակը բացվել է և հաց է ուտում: «Հույս ունենք` լավ կլինի», -փոխանցեց հայրը:
Տեղեկացնենք, որ փոքրիկ Լիզայի առողջացման համար դրամահավաքը շարունակվում է, և ցանկացողները կարող են
Գումարները փոխանցել Դավիթ Պողոսյանի անունով բացված հետևյալ հաշվեհամարին.
ՎՏԲ - Հայաստան Բանկ
AMD 16004052756801
USD 16004052756802
EUR 16004052756803
RUR 16004052756804
Արտերկրից փոխանցումները կարելի է անել հետևյալ կերպ
«VTB BANK» (ARMENIA) CJSC
Yerevan, Armenia
SWIFT: ARMJAM22
Ովքեր ունեն ARCA կրեդիտ քարտ, կարող են arca.am-ում գրանցել իրենց քարտը, որպեսզի օնլայն կատարեն փոխանցումները: 16 նիշանոց թիվն է` 9051210205309960
Նախորդ հրապարակումներ.
5-ամյա Լիզան բարեգութ մարդկանց օգնության կարիքն ունի. Մետաստազները տարածվում են
5-ամյա Լիզայի վիճակը վատացել է. Հայրը դեռ օգնություն է խնդրում