Տեր Վահրամ. Եպիսկոպոսաց ժողովը բարձրագույն մարմին է և կարող է լուծել նաև վարչական խնդիրներ
Մայր Աթոռում ընթացող Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովին 72 եպիսկոպոսներից մասնակցում են 62-ը: «Բացակա են մի քանի եպիսկոպոսներ, ովքեր առողջական խնդիրներ ունեն, հիվանդանոցում են և չեն կարող տեղափոխվել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Նա հայտնեց, որ մասնակցությունից հրաժարվելու մասին տեղեկացրել են միայն Երուսաղեմի հայոց պատրիարքը և Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը:
Հարցին, թե ինչպիսի հնարավորություն կարող է տալ այս ժողովը եկեղեցու ներսում եղած անհամաձայնությունները և խնդիրները հարթելու համար, Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանեց. «Եպիսկոպոսաց ժողովը կարևոր մարմին է եկեղեցական կյանքում, այն բարձրագույնն է, որ կարող է լուծել տարբեր դավանաբանական, ծիսական, երբեմն նաև վարչական խնդիրներ, կայացնել որոշումներ` բարոյական, սոցիալական խնդիրների վերաբերյալ: Եպիսկոպոսաց ժողովում նախատեսված են զեկույցներ, որոնք արծարծելու են եկեղեցու տարբեր խնդիրները, որոնք բխում են ժամանակակից մարտահրավերներից: Վեր կհանվեն եկեղեցական, ազգային և հոգևոր կյանքում առկա խնդիրները, որոնք կարոտ են լուծման: Նաև ձևավորվի հաջորդ ժողովի օրակարգը, որտեղ կդրվեն և կլուծվեն այլ հարցեր ևս»:
Մայրավանքի տեսուչ Արարատ եպիսկոպոս Գալթակճյանը նկատեց, որ հակասությունները միշտ էլ եղել են: «Այս ժողովի ընթացքում հնարավոր է չխոսվեն այդ հարցերի մասին: Այս ժողովն այդ հարցերի համար չի հրավիրված»,- ասաց նա:
Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ևս ժողովից մեծ սպասելիքներ ունի, քանի որ այն աննախընթաց է:
Ինչ վերաբերում է այսօր ժողովի բացման ժամանակ բարձրացված խնդիրներին, ապա Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը խորհուրդ տվեց հարցերն ուղղել դրանք բարձրացնողերին:
Նշենք, որ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն իր ելույթում ընդգծել էր, որ եկեղեցին կվերածվի թանգարանի, եթե չվերանորոգվի: «Եթե այսօր Ներսես Գ. Իշխանցի Կաթողիկոսը երկնքից իջնելով շրջեր մեր եկեղեցիների ներսում, ապա վստահաբար դարձյալ պիտի ընդվզեր տեսնելով մեր եկեղեցում պարզած վատառողջ վիճակը»,- ասել էր նա:
Լրագրողները Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին խնդրեցին անդրադառնալ նաև հայտնի օֆշորային սկանդալին` նշելով, որ նա հիմնավոր հայտարարությամբ այդպես էլ հանդես չեկավ, ինչին Կճոյանը պատասխանեց. «Ի՞նչը հիմնավորեմ, մեղադրանք կա՞, որ հիմնավորում լինի»:
Հավելենք, որ Եպիսկոպոսաց ժողովը կշարունակվի մինչև սեպտեմբերի 27-ը:
Նախորդող հրապարակումներ`