Ս. Ասատրյան. Ադրբեջանում չկա նախագահի որևէ թեկնածու, ով կփոխի հակահայկական քաղաքական կուրսը
«Ադրբեջանի նախագահական ընտրություններում կա գրանցված 10 թեկնածու: Այս առումով ընտրությունները հետաքրքիր կարելի է համարել, որովհետև նախորդ ընտրություններում գրանցված էր ընդամենը 7 թեկնածու: Սա կարելի է գնահատել որպես միջազգային հանրությանը, Արևմուտքին ինչ-որ բան ապացուցելու փորձ, քանի որ գիտակցում ենք, որ այդ 21 թեկնածուներից հաշված թվով մարդիկ են ունակ ընտրազանգված հավաքել և լուրջ դիմադրություն ցույց տալ Իլհամ Ալիևին, ով ամեն ինչ անելու է վերընտրվելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին, նշեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
Բանախոսը Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների համատեքստում աննախադեպ որակեց ընդդիմադիր «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդ» բլոկի ձևավորումը, որով փորձ արվեց միավորել ադրբեջանական ընդդիմությանը:
«Սակայն ընդդիմության միավորումը հաջողվեց մասամբ, քանի որ ոչ բոլորն են ցանկանում միանալ ընդհանուր թեկնածուի շուրջ, շատերն ունեն անձնական ամբիցիաներ և պատրաստ չեն մի բռունցք ստեղծել: Ի սկզբանե այդ կառույցի առաջնորդ էր ընտրվել հայտնի կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը, ով, սակայն, ինչ-ինչ պատճառներով այդպես էլ չգնաց Բաքու և էստաֆետը փոխանցեց Ջամիլ Հասանլիին, ով էլ դարձավ այսպես ասած միասնական թեկնածուն և հայտնի է որպես նորօրյա Ադրբեջանի պատմության կերտողներից մեկը»,- նշեց Ս. Ասատրյանը`հավելելով, որ Ջամիլ Հասանլին, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի ընտրություններում երկրորդ տեղը:
Ադրբեջանագետը քիչ հավանական համարեց Ադրբեջանում ներքաղաքական ապակայունացումը և հնարավոր բողոքի ցույցերի զանգվածային դառնալը: Նրա խոսքով` Ադրբեջանում նախագահական ընտրությունները այն գործոնը չեն, որպեսզի ապակայունացնեն ներքաղաքական իրավիճակը:
Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանի համար ո՞ր թեկնածուն կարող է ավելի նախընտրելի լինել, Ս. Ասատրյանը պատասխանեց, թե չի տեսնում Ադրբեջանում որևէ մեկին, ով կարող է փոխել հակահայկական քաղաքական կուրսը:
Անդրադառնալով հարցին, թե կա՞ արդյոք բանավեճ նախագահի թեկնածուների միջև և ինչպիսի օրակարգային հարցեր են քննարկվում, ադրբեջանագետը փաստեց, որ Ադրբեջանում կա բանավեճ զուտ արմատական և ոչ այնքան արմատական դիրքորոշումների միջև:
«Կան մարդիկ, որ ասում են, թե պետք է գան իշխանության և վերցնեն Ղարաբաղը, մեղադրում են իշխանությանը, որ այդ առումով ոչինչ չեն անում և իրենք կանեն: Այսինքն ընտրազանգվածը հավաքում են այսպիսի միջոցներով: Այլ ավելի կառուցողական բանավեճ չկա»,- նշեց Սարգիս Ասատրյանը: