Պայքար «հավաբնից» դուրս. Սամվել Հարությունյանը «Լիսկայի գործով» նոր աղմկահարույց բացահայտումներ է խոստանում
Գորիսի 1992-94 թթ. քաղաքապետ Սամվել Հարությունյանը հիշեցնում է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» և պնդում, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) այնքան չարիքներ է գործել, որ մի օր վերջը պիտի գա: Իսկ այդ վերջը, ըստ Հարությունյանի, իր կողմից արվող այսպես կոչված, բացահայտումներն են:
«Նա 23 տարիների ընթացքում, մանավանդ վերջին տարիներին, հափշտակել է մեր ժողովրդի, մեր ազգային սեփականությունը հանդիսացող ավելի քան 200 մլն դոլարի ֆինանսական միջոցներ: Դա ավելին է, քան Սյունիքի 110 համայնքների 22 տարիների բյուջեն միասին վերցրած: Այդ բոլորից հետո մի՞թե կարելի է լռել: Ոչ, միայն ես առավելագույնը արել ու շարունակելու եմ անել մերկացնելու նրա արտասովոր քրեական ընթացքը` համարելով նրան վերջին 100 տարիների հայ ժողովրդի մեծագույն ոճրագործներից մեկը: Կարծում եմ, որ յուրաքանչյուր իսկական հայ պարտավոր է այդպես վարվելու, որպեսզի օր առաջ մենք բռունցքվելով միայն կարողանանք վերջնականապես լիսկաթափենք Գորիսը, Սյունիքը Հայաստանը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարությունյանը:
Վերջին շրջանում, հատկապես հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ սպանվեց Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը վիրավորվեց, Սամվել Հարությունյանը ակտիվ արշավ սկսեց Սուրիկ Խաչատրյանի դեմ` ներկայացնելով դրվագներ նախկին պաշտոնյայի անցյալից:
«Ես խոսում եմ քրեական օրենսգրքի բառապաշարով` նկատի ունեմ հափշտակություն, կողոպուտ, սպանություն: Այդ սպանություններից մեկը հունիսի 1-ին էր. սպանվեց շատ լուրջ հեղինակություն ունեցող Ավետիք Բուդաղյանը: Գնդակահարվեց լավագույն զորամասի հրամանատար գնդապետ Արտակ Բուդաղյանը: Աստված ուղղակի խնայեց նրան, և բժիշկների օգնությամբ նա փրկվեց», -ասաց Սամվել Հարությունյանը:
Նա չէր մոռացել նաև ԼՂՀ Քաշաթաղի բնակիչ Արևիկ Միրզոյանի մասին, որին ներկայացրել էր որպես Սուրիկ Խաչատրյանի սիրուհի: «Սյունիքում, Գորիսում բոլորը գիտեն, որ իր սիրուհու Արևիկ Միրզոյանի վրա կրակել է, սպանել է դեռ չծնված իր երեխային: Բոլորը գիտեն այդ մասին: Քրեական գործ հարուցվել է Սիսիանի դատախազությունում, բնականաբար նա կասկածվել է: Ավելին, Արևիկ Միրզոյանը այդ մասին խոսել է: Բոլորն իմացել են այդ մասին: Քանի որ Լիսկան այդ ժամանակ գումարտակի հրամանատար էր, ընդամենը 24 օր հետո` 93-ի հունվարի 19-ին, գործը փոխանցում են նորաստեղծ զինվորական դատախազության վարույթ և պարտակում են: Լիսկան ունի իր նախկին զոհերի մի մասին իր կեղտոտ նպատակի համար օգտագործելու «խասյաթ»: Հայաստանում էդպիսի բաներ էլի են եղել: Պարզ բան չի՞, որ Քաշաթաղի շրջանի հեռավոր գյուղերից մեկում ծանրագույն սոցիալական վիճակում գտնվող մեկին եթե կանաչ գույնի ինչ-որ բաներ ցույց տաս (նկատի ունի դոլարներ-հեղ.), շատ հնարավոր է, որ նա….Այո, այդ աղջիկը, որ ինձ բոլորովին այլ բան էր ասում և հայցում էր իմ և համախոհներիս աջակցությունը, նա այսօր գրել է, որ գիտեք, ես լավ չեմ հիշում, թե ովքեր էին, երկու թմրամոլներ էին», -ասաց Սամվել Հարությունյանը` նկատելով, որ եթե թմրամոլներ լինեին, ապա նրանք անմիջապես ազատազրկված կլինեին:
Նշենք, որ վերջինի այս հայտարարությունից հետո Սուրիկ Խաչատրյանը իրեն զրպարտելու համար քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան:
Սակայն սրանով Խաչատրյանի դեմ Հարությունյանի արշավը չի ավարտվում. Գորիսի նախկին քաղաքապետը տիրապետում է նաև այլ փաստերի ու խոստանում շուտով հրապարակել դրանք: «Շատ փաստեր կան, ես հրապարակել եմ մի փոքրիկ մասը միայն ու տիրապետում եմ նոր փաստերի: Ինձ նաև օգնում են բարեխիղճ, պատասխանատու մարդիկ, քաղաքացիներ մասնավորապես, Սյունիքից: Օգնում են, և ես առաջիկայում անընդհատ հրապարակելու եմ դրանք` մտածելով, որ վերջապես մեր ժողովրդի պայքարի արդյունքում Լիսկան ու իր բանդան շուտով կանգնելու են Հայոց արդար ու ահեղ դատաստանի առաջ», -հավելեց մեր զրուցակիցը:
Գորիսի նախկին քաղաքապետն այժմ ապրում է Երևանում, Գորիս, ինչպես ինքն է ասում, գնում գալիս է: Ասաց, որ իր համար մտահոգիչ է Սյունյաց աշխարհում «մարդկանց ստորացված տեսնելը»: «Գորիս քաղաքը վերջին հաշվով Լեռնահայաստանի երբեմնի մայրաքաղաքն է եղել: Նա եղել է արծվաբույն և ցավոք, 94 թվականին այդ արծվաբույնը դարձրեցին հավաբուն և Լիսկային էլ նշանակեցին պահակ: Եվ միթե այլ կերպ պետք է լիներ, երբ հավաբնին պահակ են կարգում աղվեսին: Գորիս քաղաքը իմ նախագահության տարիներին ունեցել է 28 հազար բնակիչ, իսկ նրա օրոք ավելի քան 10 հազար մարդ է հեռացել Գորիսից, որոնց մեծ մասը չի հանդուրժել Լիսկայի ու նրա բանդայի կամայականությունները», -հավելեց նախկին պաշտոնյան:
Panorama.am-ը բազմիցս փորձեց մեկնաբանություններ ստանալ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից, սակայն, վերջինը չէր պատասխանում հեռախոսազանգերին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները