Ուղևորափոխադրումների վարձի ձևավորման համար հանձնաժողովը ստեղծվեց. Հայտնի է կազմը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղևորափոխադրումների վարձի ձևավորման համար հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքապետարանը ներկայացրել է նաև հանձնաժողովի կազմը, որը նախագահում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Հանձնաժողովի նախագահի տեղակալ է նշանակվել Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը:
Նշենք, որ հանձնաժողովի կազմում է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ում հրաժարականը պահանջում են քաղաքապետարանի մոտ նստացույց անող ակտիվիստները: Ուղեվարձի թանկացման դեմ պայքարողները պահանջում էին նաև, որ Հենրիկ Նավասարդյանը չներառվի հարցը քննարկող հանձնաժողովում:
Որոշման մեջ ասվում է.
«1. Ստեղծել հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովի նախագահին` ապահովել.
Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման, այդ թվում` չափորոշիչների, հաշվարկների և դրանց առնչվող այլ հարցերի, ինչպես նաև վարձի կիրառման մեխանիզմների քննարկումը:
Խնդրի առնչությամբ հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ համակողմանի և լիարժեք տեղեկատվության տրամադրումը:
Քննարկման արդյունքներով համապատասխան առաջարկությունների ներկայացումը Երևանի քաղաքապետին»:
Հանձնաժողովի առաջին նիստը գումարվելու է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հաջորդ նիստերը` ըստ անհրաժեշտության: Քննարկվող հարցերի շուրջ հանձնաժողովի որոշումներն ընդունվելու են բաց քվեարկությամբ` ներկա մասնակիցների ձայների մեծամասնությամբ:
Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:
Քաղաքապետը որոշումն ընդունել է ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և ապահովելու համար Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 25-ի NN 3722-Ա և 3723-Ա որոշումների կատարումը:
Նախորդող հրապարակումներ`
Թ.Պողոսյան. Հօգուտ ժողովրդի որևէ խնդիր այդ հանձնաժողովի քննարկման հիմքում չի դրվում
«Բարև Երևան»-ը չի մասնակցի ուղևորափոխադրումների վարձի ձևավորման հանձնաժողովի աշխատանքներին
Քաղաքապետարան. Երթուղայինների ուղեվարձի` 200 դրամ դառնալու մասին լուրերը որևէ հիմք չունեն