Վարդան Պետրոսյան. «Արտագաղթի թեմայով միայն ես և վարչապետն ենք կարողանում կատակել» (Տեսանյութ)
Դերասան Վարդան Պետրոսյանը կարողացել է հասնել նրան, որ իր մտահղացումը իրականություն դառնա. «Ամեն2շաբթի» ներկայացման վերջում բոլորը ձեռք ձեռքի բռնած երգում են, արդյունքում`«անծանոթները սկսում են սիրել իրար»:
Ասուլիսում դերասանը ուրախությամբ ասաց, որ հանդիսատեսը արդեն սկսել է երկու երգ կատարել:
Սա հոգևոր միասնության կոչ է,- ընդգծեց նա` չհամաձայնվելով այն տեսակետին, թե` «ներկայացման ընթացքում հեղափոխության կոչեր եք անում»,- ներկայացնում եմ մեր իրականությունը` երգիծանքի հայելու մեջ: Ներկայացման ընթացքում գովում եմ այն երիտասարդներին, ովքեր պայքարեցին երթուղային տաքսիների թանկացման դեմ: Հպարտ եմ այդ երիտասարդներով:
Դերասանի խոսքով, թեև ամբողջ աշխարհում թանկացումներ լինում են, բայց Հայաստանում այդ թանկացումներն անմարդկային չափերի են լինում: Նա նշեց, որ եթե կրկին թանկացումների հետ կապված ակցիաներ սկսվեն, ինքը միանալու է դրանց:
Վ. Պետրոսյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 1-ից «Ամեն2շաբթի» ներկայացումը արդեն Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի բեմում է խաղալու` ներկայիս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի փոխարեն. «Պարոնյանի անվան թատրոնի խաղացանկը այս թատերաշրջանում բավականին հագեցած է: Այդ պատճառով արդեն Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում եմ խաղալու»:
Վ. Պետրոսյանն նշեց, որ իր ներկայացումները, թեև արտագաղթի մեծ չափերին, լեփ-լեցուն դահլիճներում է անցնում:
«Արտագաղթի թեման շատ ծանր է: Արտագաղթի թեմայով ոչ ոք չի կարողանում կատակել, միայն ես և վարչապետը»,- «հպարտացավ» դերասանը: