Գյուղացիներն ահազանգում են. Դաշտերը չորանում են
Բանջարեղենի բարձր գնից մայրաքաղաքի բնակիչները վերջերս շատ են դժգհում: Երևանյան խանութներում այս օրերին 1 կգ պոմիդորի գինը 250-680 դրամ է, կարմիր պղպեղը` 350-400, սմբուկը` 200-300 դրամ, կաղամբը 120-150, կանաչ լոբին 280-400 դրամ…
Տարիներ շարունակ պահածո պատրաստող տանտիրուհիներից մի քանիսի խոսքով, նման թանկության պայմաններում իրենք նախընտրում են բանկաները դատարկ թողնել` հույսը դնելով գործարաններում պատրաստվածի վրա:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում անցյալ տարվա օգոտոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել է 32.7% գնաճ, իսկ 2013թ. հուլիսի համեմատ`10.7% գնանկում: Վերջինս, ըստ ծառայության, հիմնականում պայմանավորվել է սմբուկի` 68.6%, լոլիկի` 33.6%, կանաչ պղպեղի` 31.9%, կաղամբի 20.2%, սխտորի` 19.4%, խառը կանաչեղենի` 18.2%, վարունգի` 14.6%, ճակնդեղի` 12.0%, գազարի` 11.6% գնանկումով: Դատելով բանաջարեղենի ներկա գներից, գնանկման միտումը ոչ միայն չի պահպանվել, այլև արագ վերածվել է գնաճի:
Հիշեցնենք, որ այս գարնանը տեղացած առատ կարկուտը մեծ վնաս էր հասցրել Արմավիրի հողօգտագործողներին:
Իսկ Արարատի մարզի Տափերական գյուղի հողօգտագործողները Panorama.am-ի հետ զրույցում դժգոհեցին, որ դաշտերը վառվել են, բերքն էլ որդնել:
«5-6 անգամ թույն ենք առել, սրսկել: Բայց բերքն առողջ չէ»,-դժգոհեց գյուղացիներից Ազատը, մտավախություն հայտնելով, որ թույնը ժամկետանց է եղել:
Չնայած դրան, այս տարի ապրանքի իրացման գնից գյուղացիները գոհ են: Նրանցից շատերը վերավաճառողների հետ պայմանավորվել են, երկու օրը մեկ կամ օրը մեջ գալիս են հենց դաշտից մի քանի հարյուր կիլո ապրանք տանում:
«Դաշտից օրինակ պոմիդորը վաճառում ենք 100-120 դրամով»,-ասաց տիկին Արևիկը, ավելացնելով, որ նախորդ տարի 3 անգամ ավելի պակաս գնով էին ծախում:
Այս տարի գործարանն էլ գյուղացիներից ավելի բարձր գնով է ընդունում: Օրինակ, «Արտֆուդ»-ից Panorama.am-ին հայտնեցին, որ այս տարի պոմիդորի մեկ կիլոգրամը մթերում են 40-150 դրամով` կախված որակից, իսկ սմբուկը` 100 դրամով: Հավաստեցին, որ 150 դրամով պոմիդոր ընդունել են: Այլ մանրամասներ, ասացին, չեն կարող տրամադրել:
Արարատի մարզպետարանի գյուղատնտեսություն ու բնապահպանության վարչության նորանշանակ պետ Հայկազ Տերտերյանն ասաց, որ խնդրին տեղյակ են:
«Ծավալները գնալով շատանում են, վտանգը կա: Հիմնականում Մասիսի շրջանի գյուղերում է, լոլիկի դաշտերում: Ես չգիտեմ տիզը կարտոֆիլից անցավ լոլիկին, թե ներկրեցին, լոլիկից անցավ կարտոֆիլին»,-Panorama.am-ին ասաց վարչության պետը:
Հ. Տերտերյանի խոսքով, դեմն առնել հնարավոր է, բայց պետք է շատ սրսկել, դա էլ հնարավորությունների հարց է ու միաժամանակ վտանգավոր:
«Պայաքարելու ենք, ինտենսիվ պայքար պետք է ծավալենք: Պետք է ընտրենք այնպիսի տեսակներ, որ ավելի դիմացկուն լինեն, ցանքաշրջանառություն լինի, չի կարելի մի դաշտում նույն կուլտուրան անընդհատ ցանել, սրսկումները պետք է հարմարացվեն վնասատուների ձվադրման հետ, որպեսզի դրանք բնում կարողանան խեղդել, մի խոսքով պետք է գիտական մոտեցում ցուցաբերվի ու հետևողական լինել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է դեղանյութերի ժամկետանց լինելու մասին գյուղացիների մտահոգություններին, ապա վարչության պետն ասաց, որ դեղերի հետ էլ խնդիր կա:
Հրանուշ Խառատյան. Թղթի վրա ունենք զգալի թվով բիզնես վարկեր, բայց իրականում դա տնտեսության մեջ ներդրում չեն