«Ոստիկանությունը մգեցրած ապակիներով մեքենաների դեմ դեռ չի կարող «ռեյդ» սկսել»
«Այսօր առավոտյան եմ խոսել ղեկավարության հետ, ասել են, որ ավտոմեքենաների ապակիների մգեցվածության թույլատրելի աստիճանը չափելու համար նախատեսված սարքերը դեռ չունեն, որ սկսեն ստուգումներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ երեկ 7-8 զանգ են ստացել, վարորդները փորձել են պարզել՝ արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, թե ճանապարհային ոստիկանությունը մոտակա օրերին «ռեյդ» է սկսելու բոլոր այն տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ, որոնց ավտոմեքենաների ապակիների մգեցվածությունը կլինի սահմանված չափից բարձր:
Է. Հովհաննիսյանն ասաց, որ առանց այդ սարքով ստուգելու, ճանապարհային ոստիկանը չի կարող տուգանել վարորդին. «Օրենքում նշված է, որ պետք է ապակիների մգեցվածության աստիճանը որոշվի սարքով»:
Ավտոտրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր։ Ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելը առաջացնում է տուգանք 50.000 ՀՀ դրամի չափով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան