Ե.Վինոկուրով. Հարցվածների 67 տոկոսը կողմ է Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելուն
Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ Հայաստանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները , որին մասնակցել է 1900 մարդ, ցույց է տվել, որ հարցվածների 67 տոկոսը կողմ է Մաքսային միությանն անդամագրվելուն և միայն հարցվածների 5 տոկոսն է, որ սկզբունքորեն դեմ է դրան: Այս մասին այսօր` «Եվրասիական միությունը Հայաստանի համար. տնտեսական առավելություններն ու հասարակական երկխոսությունը» խորագրով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ՌԴ Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը.
«Սա շատ լուրջ ցուցանիշ է կարևոր քաղաքական որոշումներ կայացնելու համար»,- ընդգծեց մոսկովյան տաղավարից նա:
Իր խոսքում նա շեշտը հատկապես դրեց Հայաստանի տնտեսական շահի վրա` նշելով, որ Մաքսային միությանն անդամակցելը Հայաստանին կապահովի տարեկան ՀՆԱ-ի շուրջ 4-4.5 տոկոս ավելացում հետևյալ գործոնների հաշվին.
«Նախ, Ռուսաստանը կհրաժարվի գազի էքսպորտային գնի մաքսատուրքից, ինչը Հայաստանին կընձեռի տնտեսական օգուտ տարեկան 140 մլն դոլարի չափով: Բացի այդ, կվերանայվի նաև մաքսատուրը չմշակված ադամանդների համար: Նաև ակնկալվում է աշխատանքային միգրանտների ֆինանսական փոխանցումների դրական դինամիկա, քանի որ, օրինակի համար, միայն անցած տարի աշխատանքային միգրանտները Հայաստան են ուղարկել 1 մլրդ 700 հազար դոլար, որի 85 տոկոսից ավելին Ռուսաստանից»,- նշեց Ե.Վինոկուրովը: Շարունակելով աշխատանքային միգրանտների թեման, բանախոսը մատնանշեց նաև, որ ՄՄ անդամակցելով և ըստ ստորգրվելիք համաձայնագրի` աշխատանքային միգրանտները ինքնաբերաբար գտնվելու են ազգային ռեժիմում, ինչը նշանակում է, որ այլևս պետք չի լինի ստանալ ինչ-որ լիցենզիաներ և շատ գործընթացներ նրանց համար կհեշտացվեն:
«Հայաստանում ներդրումների 40-ից ավելին այսօրվա դրությամբ ապահովում է Ռուսաստանը»,-հիշեցրեց նա ու նշեց, որ երբ խոսքը երկարատև համագործակցության մասին լինի` նույն ՄՄ-ի շրջանակներում, ներդրումների ծավալը, բնականաբար, զգալի կավելանա:
Ավելին` Ռուսաստանը, ըստ Ե.Վինոկուրովի, շահագրգռված է Հայաստանով լավ ու որակյալ տրանզիտային միջանցք ունենալու դեպի Հարավային Ասիա և Մերձավոր Արևելք, իսկ հեռանկարում նաև օրակարգային կլինի համատեղ ուժերով հասնել վրացական խնդրի լուծմանը, առավել ևս , որ իրենց իսկ սոցիոլոգիական հարցումները Վրաստանում ցույց են տալիս, որ վրացիների 59 տոկոսն արդեն կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և բարյացկամ են վերաբերվում Մաքսային միությանը.
«Սա նոր հնարավորությունների դաշտ է ստեղծում, որից թե հայկական կողմը, թե ՄՄ մյուս անդամները պետք է օգտվեն»,- հավելեց Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրենը: