ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր. Իրանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը
«Իրանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»,-այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Ջավադ Ջահանգիզզադեն:
Համաձայն հաղորդագրության՝ իրանցի խորհրդարանականը Բաքու կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, մասնավորապես նշել է. «Տարածաշրջանի անվտանգության ապահովման նպատակով Թեհրանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»:
«ԻՌՆԱ»-ի մեկնաբանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս կարգավիճակին, նշում է. «Ադրբեջանն ու Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրներ ունեն և այժմ այդ շրջանը գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում