Փորձաքննությունը հաստատել է. Վարդան Օսկանյանի որդին թմրանյութ է օգտագործել
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում որոշում է կայացվել ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի և նրա ընկերոջ՝ Վահագն Մարկոսյանի գործով: Արա Օսկանյանն ու նրա ընկերը մեղադրվում էին թմրանյութ օգտագործելու մեջ:
Ոստիկանության լրատվության բաժնից թերթին տեղեկացրել են, որ փորձաքննության արդյունքները հայտնի են, որոնց համաձայն՝ Արայի ու նրա ընկերոջ արյան մեջ հայտնաբերվել է թմրանյութ: Նրանք վարչական պատասխանատվության են ենթարկվել տուգանվելով 200 հազարական դրամով:
Երեկ «Ժամանակի» թղթակցին չի հաջողվել Արա Օսկանյանից ճշտել՝ կբողոքարկի՞ ոստիկանության որոշումը, թե ոչ: Թերթի հեռախոսազանգերին պատասխանել է այլ անձ՝ ասելով, որ Արան քաղաքից բացակայում է և միայն 2 օր անց կվերադառնա: Վարդան Օսկանյանը նույնպես չի պատասխանել հեռախոսազանգերին: