Իրանը հակված չէ ուժեղացնել Թեհրան-Վաշինգտոն հարաբերություններում առկա լարվածությունը. ՄԱԿ-ում Ռոհանիի ելույթից (Տեսանյութ)
«Իրանը հակված չէ ուժեղացնել Թեհրան-Վաշինգտոն հարաբերություններում առկա լարվածությունը»,- այդ մասին ՄԱԿ-ի ԳԱ նիստում ունեցած ելույթում հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Ռոհանին, անդրադառնալով Իրան-ԱՄՆ լարված հարաբերություններին, նշել է. «Իրանը ձգտում է փոխադարձ հարգանքի ու ընդհանուր շահերի սկզբունքի հիման վրա այլ երկրների հետ կառուցողական փոխգործակցություն ունենալ: Իրանը հակված չէ ուժեղացնել Թեհրան-Վաշինգտոն հարաբերություններում առկա լարվածությունը»:
Շարունակելով թեման՝ Իրանի նախագահը հավելել է. «Ես ուշադրությամբ հետևել եմ Օբամայի խոսքերին: ԱՄՆ-ի ղեկավարների քաղաքական վճռականության դեպքում, կարելի է տարաձայնությունները կառավարելու ձևաչափ ձևավորել, որի հիմքում ընկած կլինեն հավասար դիրքորոշումը, փոխադարձ հարգանքը և միջազգային ճանաչված անվիճելի սկզբունքները: Այդ հարցում մենք ակնկալում ենք, որպեսզի Վաշինգտոնը միասնական, մեկ ընդհանուր դիրքորոշում արտահայտի»:
Ռոհանին, անդրադառնալով Իրանի դեմ Արևմուտքի սահմանած շրջափակումներին, մասնավորապես նշել է. «Այս շրջափակումներով ոտնահարվում են մարդկային անվիճելի, այդ թվում՝ խաղաղության, զարգացման, առողջապահության հասանելիության, կրթության և ամենակարևորը՝ ապրելու իրավունքները: Շրջափակումների արդյունքը հենց նույն պատերազմի հրահրումը և մարդկանց ոչնչացումն է»:
Խոսելով Իրանի միջուկային խնդրի լուծման մասին՝ Հասան Ռոհանին նշել է. «Ինչպես Իսլամական հեղափոխության առաջնորդն է հայտարարել, Իրանի բնական, անվիճելի և օրինական իրավունքի ընդունումը՝ խնդրի կարգավորման ամենապարզ լուծումն է: Միջուկային և զանգվածային ոչնչացման զենքը ընդգրկված չէ Իրանի պաշտպանական դոկտրինում. Այն հակասում է մեր կրոնական ու բարոյական սկզբունքներին ու հավատալիքներին»:
Հավելենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ում ունեցած ելույթի ընթացքում , անդրադառնալով Իրանի միջուկային խնդրին, մասնավորապես նշել է. «Ես Իրանի նախագահ Հասան Ռոհանիին հղած նամակում նշել եմ, որ մենք ցանկանում ենք միջուկային խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն, միևնույն ժամանակ հայտարարել ենք, որ թույլ չենք տա ձեռք բերել միջուկային զենք: ԻԻՀ հոգևոր առաջնորդը ընդդեմ միջուկային զենքի կիրառման ֆեթվա է արձակել, նախագահ Ռոհանին ևս դա հաստատել է, որ Իրանը ատոմային ռումբ չի ստեղծելու: Մենք հարգում ենք միջուկային էներգիան խաղաղ նպատակով օգտագործելու Իրանի իրավունքը»:
Նախորդող հրապարակում՝
Հարաբերությունների կարգավորումը բխում է թե՛ Իրանի, թե՛ Միացյալ Նահանգների շահերից. Իրանագետ