Տնտեսագետ. «Կա կապիտալի որոշակի արտահոսք, բայց չենք կարող նման շռայլություն թույլ տալ`եղածը վատնենք, իսկ հետո էլ պարտք վերցնենք»
«Հայաստանում գերհագեցած է անշարժ գույքի շուկան, շինարարությունը շարունակվում է, իսկ գները պարադոքսալ բարձր են և չի բացառվում, որ գները միանգամից կտրուկ անկում ապրեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` հավելելով, որ նման իրավիճակներում շուկան պետք է արձագանքի պահանջարկին, ինչը մեզանում տեղի չի ունենում:
Տնտեսագետի խոսքերով` շինարարության ոլորտում ստվերը մեծ է և ստվերի կրճատմամբ պետք է մտահոգվել:
Թ.Մանասերյանի խոսքերով` Հայաստանի տնտեսությունում առկա խնդիրներից շատերը պայմանավորված են պետական մարկետինգի բացակայությամբ: «Մինչդեռ կան պետական կառույցներ, որոնք պարտավոր են դրանով զբաղվել, մասնավորապես, Զարգացման հայկական գործակալությունը, որը կոչված է այդ գործառույթները իրականացնելու»,- ասաց տնտեսագետը և հույս հայտնեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը կկարողանա վերանայել նախկին մոտեցումները և նոր շունչ հաղորդել գործակալության աշխատանքներին:
Թ.Մանասերյանը նշեց նաև, որ նվազել են ինչպես արտահանման, այնպես էլ ներկրման ծավալները և կառավարությունն այստեղ լուրջ անելիքներ ունի: «Ներդրումների համար Հայաստանը գրավիչ երկիր չէ, նախ ներքին ներդրումները չեն խթանվում, այսինքն` չի ձևավորվել այն միջավայրը, որպեսզի տեղի հայ գործարարներn ավելի շահագրգռված լինեն իրենց կապիտալը օգտագործել Հայաստանում: Կա կապիտալի որոշակի արտահոսք, ինչը նորմալ երևույթ է բոլոր երկրների համար, սակայն մենք չենք կարող նման շռայլություն թույլ տալ, որ եղածը վատնենք, իսկ հետո էլ պարտք վերցնենք»,- նշեց Թ.Մանասերյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները