ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. Մեր ցանկությունն է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ոլորտներում և բոլոր ձևաչափերով
«Մենք, բնականաբար, գիտենք Հայաստանի կայացրած որոշումը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ, բայց, այդուհանդերձ, արտահայտել ենք մեր ցանկությունը շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ոլորտներում և բոլոր ձևաչափերով»,-լրագրողներին հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ պատասխանելով այն հարցերին, թե ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի և Եվրամիության հետագա համագործակցությունը, արդյո՞ք Մաքսային միությունը կարող է խոչընդոտել այդ համագործակցությանը:
Դեսպանը նշեց, որ ողջունում են Հայաստանի վճռական տրամադրվածությունը, կամքը ոչ միայն շարունակել համագործությունը Եվրամիության հետ, այլ նաև խորացնել արդեն իսկ առկա գործընկերությանը Եվրամիության հետ: «Հայաստանը քաջ գիտակցում է, որ իր այդ ցանկության մեջ կարող է լիահույս լինել, որ Ֆրանսիան մշտապես օժանդակելու, նպաստելու, սատարելու է իր՝ նմանատիպ ցանկության իրականացման գործում»,- ասաց Ա. Ռենոն:
Դեսպանը նաև շեշտեց, որ ցանկացած ձևաչափ, ոլորտ, որոնք միտված պետք է լինեն Հայաստան-Եվրամիություն կապերի մերձեցմանը, ցանկալի են, իսկ ինչ մնում Ֆրանսիային, ապա ողջ ընթացքում օժանդակելու, ուղեկցելու է Հայաստանին` Եվրոպա տանող ճանապարհիին:
Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանի որոշումն անակնկա՞լ էր Ձեզ համար, դեսպանը պատասխանեց. «Երևի թե առաջին հերթին ցանկացած դիվանագետի կոչումն է անակնկալի չգալ այն ամենից, ինչ ասվում է»: