40 մլն դրամ արժեքով անշարժ գույք ձեռք բերելու դեպքում օտարերկրացիները կազատվեն պետական տուրքի վճարումից
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասի» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Ներկայումս «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով նախատեսվում է օտարերկրացիներին մշտական կացության կարգավիճակ տրամադրելու հիմքերը: Սակայն նախատեսված հիմքերը բավարար չեն օտարերկրացիների հոսքը Հայաստանի Հանրապետություն խրախուսելու, վերջիններիս կողմից ներդրումների իրականացմանը նպաստելու համար: Բացի այդ, ներկայումս օտարերկրացուն մշտական կացության կարգավիճակ տրամադրվում է 5 տարով՝ յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:
Միաժամանակ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների մշտական կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար ներկայումս սահմանված է պետական տուրքի վճարում՝ անկախ օտարերկրացուն մշտական կացության կարգավիճակ տրամադրելու հիմքից:
Այսպիսիով, ըստ ՀՀ կառավարության հիմնավորման, առաջարկվում է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված հիմքերից բացի սահմանել օտարերկրացուն մշտական կացության կարգավիճակ տրամադրելու նոր հիմք, այն է օտարերկրացուն տրմադրել մշտական կացության կարգավիճակ, եթե օտարերկրացին էսքրոու հաշվի միջոցով և նոտարի կողմից վավերացված գործարքով ձեռք է բերել առնվազն 40 միլիոն դրամ արժեքով անշարժ գույք: Հաշվի առնելով, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն օտարերկրացիների կողմից ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակ ձեռք բերելը հեշտացնելն ու խրախուսելն է, առաջարկվում է նաև լրացվող նոր հիմքով մշտական կացության կարգավիճակ տրամադրել 10 տարի ժամկետով՝ գործող այլ հիմքերի համար նախատեսված 5 տարի ժամկետի փոխարեն: Բացի այդ, առաջարկվում է առնվազն 40 միլիոն ՀՀ դրամ արժեքով անշարժ գույք ձեռք բերելու հիմքով մշտական կացության կարգավիճակ տալու կամ մերժելու մասին որոշումը կայացնել դիմումը ներկայացնելու օրվանից 15-օրյա ժամկետում:
Հաշվի առնելով կատարվող փոփոխությունների նշված նպատակները՝ անհրաժեշտ է նաև որոշակի այլ արտոնություններ սահմանել օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանում մշտական կացության կարգավիճակ ձեռք բերելու համար: Այսպես առաջարկվում է առնվազն 40 մլն դրամ արժեքով անշարժ գույք ձեռք բերելու դեպքում օտարերկրացուն ազատել պետական տուրքի վճարումից: Դրանով պայմանավորված նախագծերի փաթեթի մեջ ներառվել է նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է առավել հեշտացնել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին մշտական կացության կարգավիճակ տրամադրելը, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի հանրապետությունում օտարերկրացիների հոսքի ավելացման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները