Հասան Ռոհանին հանդիպել է Քեթրին Էշթոնին և ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյին
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հանդիպում է ունեցել ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեի և ԵՄ արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ:
«ՖԱՐՍ»-ի հաղորդմամբ՝ առաջիկա ժամերին արտգործնախարարների մակարդակով տեղի կունենա Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) հանդիպումը, որին կմասնակցի նաև ԵՄ արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Նկատենք, որ օրերս Հասան Ռոհանիի ստորագրած հրամանագրով միջուկային խնդրի շուրջ Արևմուտքի հետ բանակցություններ անցկացնելու լիազորությունները Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդից փոխանցվեցին արտգործնախարարությանը:
Հիշեցնենք, որ Ռոհանին ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում ունեցած ելույթում, խոսելով Իրանի միջուկային խնդրի լուծման մասին, նշել է. «Ինչպես Իսլամական հեղափոխության առաջնորդն է հայտարարել, Իրանի բնական, անվիճելի և օրինական իրավունքի ընդունումը՝ խնդրի կարգավորման ամենապարզ լուծումն է: Միջուկային և զանգվածային ոչնչացման զենքը ընդգրկված չէ Իրանի պաշտպանական դոկտրինում. Այն հակասում է մեր կրոնական ու բարոյական սկզբունքներին ու հավատալիքներին»:
Իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ում ունեցած ելույթի ընթացքում, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրին, նշել էր. «Ես Իրանի նախագահ Հասան Ռոհանիին հղած նամակում նշել եմ, որ մենք ցանկանում ենք միջուկային խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն, միևնույն ժամանակ հայտարարել ենք, որ թույլ չենք տա ձեռք բերել միջուկային զենք: ԻԻՀ հոգևոր առաջնորդը ընդդեմ միջուկային զենքի կիրառման ֆեթվա է արձակել, նախագահ Ռոհանին ևս դա հաստատել է, որ Իրանը ատոմային ռումբ չի ստեղծելու: Մենք հարգում ենք միջուկային էներգիան խաղաղ նպատակով օգտագործելու Իրանի իրավունքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա