«Հանճարեղ հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարին առջև կխոնարհիմ»… 1869 թվական… Կոմիտաս (տեսանյութ, լուսանկարներ)
«Կոմիտասն ամենաապրողն է բոլոր ապրողներիս մեջ: Բայց միաժամանակ նա շատ վաղուց է դարձել խորհրդանիշ: Եվ ահա, նկատի ունենալով այն հայտնի իրավիճակը, որի մեջ է գտնվում աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, մենք պարտավոր ենք ասելու նաև, որ հիմա, տվյալ իրական ու տիրական հանգամանքներում մայր Հայրենիքի շուրջ համախմբվելու, արտասահմաններում հայ համազգային ոգին կենդանի պահելու խնդրում Կոմիտասի գործը վիթխարի է: Կոմիտասն է այն կամուրջը, որին չի հսկում ոչ մի «սահմանապահ», որով անցնելու համար չի պահանջվում ոչ մի «վիզա», ոչ մի կողմից և ոչ ոքի կողմից: Այս է Կոմիտասի առաքելությունն այսօր»,- Պարույր Սևակն ասել է Կոմիտասի մասին:
1869 թվականի հենց այս օրը Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում ծնվեց Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը: Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։ Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, և չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր… «Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։ Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։ Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։
Իր հիանալի ձայնին էր Սողոմոնը պարտական նաև այն իրադարձության համար, որն հիմնովին փոխեց նրա կյանքի ընթացքը։ 1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգևոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գևորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։ Եվ իր գեղեցիկ սոպրանոյով երգում է հայերեն շարական՝ առանց որևէ բառ հասկանալու։ Բացառիկ ընդունակությունների շնորհիվ Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր խոչընդոտները, կատարելապես տիրապետում հայերենին։ 1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ 1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում ժողովրդական երգեր, գրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։ 1895 թվականին Կոմիտասն օծվում է վարդապետի հոգևոր աստիճանով:
Նա շրջում է Հայաստանի շատ վայրեր՝ գրի առնելով հազարավոր հայկական, քրդական, պարսկական և թուրքական ժողովրդական մեղեդիներ, կատարում երգերի մշակումներ: «Մեր ժողովրդական երգերն ու պարերգերը ... բոլորովին այլ եռանդ, այլ զգացմունք և այլ միտք են պարունակում, քան մյուս արևելյան ազգերինը»- ասել է Կոմիտասը:
Լրջորեն զբաղվում է նաև գիտա-հետազոտական աշխատանքով. ուսումնասիրում է հայ ժողովրդական և հոգևոր մեղեդիները, աշխատում հայկական խազերի վերծանման վրա, ձայնեղանակների տեսությամբ: Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս որպես հայ երաժշտության կատարող և պրոպագանդիստ:
Կոմիտասի արվեստն հիացրել էր հռչակավոր երաժիշտներ Վենսան դ’Էնդիին, Գաբրիել Ֆորեին, Քամիլ Սեն-Սանսին… Իսկ 1906 թվականին մի համերգից հետո ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին հուզված բացականչել էր. «Հանճարեղ հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարին առջև կխոնարհիմ»:
1914 թ. հունվարին Պոլսում Կոմիտասին այցելել է ռուսական երաժշտական մշակույթի նշանավոր գործիչներից մեկը՝ Մ.Ֆ. Գնեսինը, որը հայ երաժշտին նվիրած իր հուշերում գրել է. «Կոմիտասն ինձ վրա թողեց կատարյալ աշխարհիկ մարդու տպավորություն: Նա շատ լավ է խոսում ռուսերեն: Լսելով, որ ես եղել եմ Ռիմսկի-Կորսակովի աշակերտը, Կոմիտասը, ցույց տալով սեղանի վրա դրված գրքերը և նոտաները, ասաց, որ ինքը խորապես հարգում է նրան: ... Զրուցելով Կոմիտասի հետ, ես զգում էի և´ գիտական կենտրոնացման լրջությունը, և´ մարդկային հմայքի բարյացակամությունը: Միայն ավելի ուշ ծանոթանալով Կոմիտասի ստեղծագործություններին՝ ես համոզվեցի, որքան մեծ էր նրա տաղանդը, ինչ նշանավոր կոմպոզիտոր էր նա, ինչ հետաքրքիր և ինքնատիպ վարպետ, և որքան մեծ էր նրա դերը XIX դ. հայ երաժշտության զարգացման գործում: Որքան թանկ է ինձ համար խոստովանել, որ ես եղել եմ այն փոքրաթիվ ժամանակակիցներից մեկը, որն անձամբ ճանաչել է հայ երաժշտության մեծ սկզբնադիրներից մեկին»:
Երաժիշտ և գիտնական Կոմիտասի հեղինակությունը, նրա խորագիտակությունը մշտապես գրավում էին Պոլսում ապրող հույն և թուրք, իտալացի և ֆրանսիացի երաժիշտներին: Պատահական չէ, որ 1911 թվականին հունական «Տելեկրաֆոս» թերթում տպագրվել է հետևյալ տողերը. «Ե՞րբ է հույն ժողովրդի մեջ աստված հարուցանելու մի Կոմիտաս, որ հին հելլենական երաժշտությունը փրկեր կորստից»:
«Ոչ ոք ինձ չի կարող մեղադրել չափազանցության համար, եթե ես ասեմ, որ Կոմիտասի այդ համերգը (1906 թ., Փարիզ) մի հեղաշրջում էր և իր հայտնությամբ զարմացրեց մեզ: Ներկաներից ոչ ոք, ի բացառյալ նուրբ գիտակների, պատկերացնել չի կարող այդ արվեստի գեղեցկությունը, որը, ըստ էության, ոչ եվրոպական է, ոչ արևելյան, բայց եզակի է իր տեսակի մեջ»,- ասել է Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, երաժշտական քննադատ Լուի Լալուան:
1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվել է նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվել է Անատոլիայի խորքերը, ականատես դարձավ հայ ժողովրդի անգութ բնաջնջմանը։ Ու թեև ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադարձել է Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք են թողել նրա հոգեկան աշխարհի վրա. Առանձնացել է արտաքին աշխարհից, փակվել միայն իր մռայլ ու ծանր խոհերի մեջ՝ ընկճված և մելամաղձոտ։
1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն է՛լ ավելի է վատթարանում, և նրան տեղափոխեում են հոգեբուժարան։ Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտնում է Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ անցկացնելով այնտեղ գրեթե քսան տարի։ 1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվել է մեծն Կոմիտասի կյանքը։ 1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվել է Հայաստան և հողին հանձնվել Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։ Ոչ պակաս ողբերգական ճակատագիր են ունեցել նաև Կոմիտասի հսկայական ժառանգությունը. նրա ձեռագրերից շատերը ոչնչացել կամ ցրվել են աշխարհով մեկ…
«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»,- ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը: