Գևորգ Կոստանյանի թեկնածությունը ներկայացվել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: Նրա խոսքով, ՀՀ նախագահի առաջարկությունը ԱԺ ներկայացվել է այսօր:
ՀՀ Գլխավոր դատախազի թեկնածության հարցը խորհրդարանում կքննարկվի սեպտեմբերի 30-ին մեկնարկելիք ԱԺ նիստում: ՀՀ գլխավոր դատախազը, Սահմանադրության համաձայն, կընտրվի Ազգային ժողովի պատգամավորների կողմից` փակ, գաղտնի քվեարկությամբ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին լրացավ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման 6 տարին, ով այդ պաշտոնում ընտրվել էր 2007-ին:
Նշենք, որ Սահմանադրության 103-րդ հոդվածը սահմանում է գլխավոր դատախազի նշանակման հարցը.
Հոդված 103. Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:
Գլխավոր դատախազին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ:
Օրենքով սահմանված դեպքերում Հանրապետության Նախագահի առաջարկությամբ Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:
Դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝
1) հարուցում է քրեական հետապնդում.
2) հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ.
3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.
4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.
5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.
6) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները