Փաշինյանը պատկան մարմիններից պարզաբանումներ է պահանջել Փոստանջյանի հետ կատարվածի մասին
Նախօրեին երեկոյան Մեղրիից Երևան վերադառնալու ճանապարհին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին Ռուսաստանի Դաշնության անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել տեղաշարժվել, իսկ երբ փորձել են տեսանկարահանել այդ ամենը, ՌԴ սահմանապահներից մեկը հարձակվել ու կոտրել է նրանց տեսախցիկը: Այդ մասին գրել է «aravot.am»-ը:
Զարուհի Փոստանջյանը Մեղրիում է գտնվել թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում:
Այդ կապակցությամբ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որով պատկան մարմիններից պարզաբանումներ է պահանջում:
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ: Խստորեն դատապարտում եմ ՌԴ հատուկ ծառայությունների տարբերանշաններ ունեցող համազգեստներով անձանց գործողությունները Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի անդամի նկատմամբ: Ակնկալում եմ պատկան մարմիններից մանրամասն պարզաբանումներ ստանալ ՀՀ տարածքում օտարերկրյա հատուկ ծառայության տարբերանշաններով անձանց գործողությունների վերաբերյալ, և առաջիկայում այս ուղղությամբ կձեռնարկեմ ԱԺ պատգամավորի իմ լիազորություններից բխող գործողություններ», -գրել է Փաշինյանը: