Սերժ Սարգսյանը մասնակցեց Քաջարանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մասնակցեց Քաջարանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Նախագահը շրջեց բժշկական կենտրոնի տարածքում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին և աշխատանքային պայմաններին:
«Քաջարան բժշկական կենտրոնում» առկա է 20 մահճակալ, այդ թվում 8 վիրաբուժական և 6 թերապևտիկ, 2 ինֆեկցիոն և 4 մանկաբարձագինեկոլոգիական: Կենտրոնի արդիականացման աշխատանքներն իրականացվել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմպինատ» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ: Կատարվել են Կենտրոնի եռահարկ պոլիկլինիկական մասնաշենքի տանիքի ծածկի, ներքին հարդարման աշխատանքներ, տեղադրվել են ջրամատակարարման, գազամատակարարման և ջեռուցման նոր համակարգեր: Ընդհանուր առմամբ, արդիականացվել է 2330 քմ տարածք, որից 410 քմ՝նորակառույց:
Բժշկական կենտրոնին տրամադրվել են ժամանակակից բժշկական սարքավորումներ՝թվային ռենտգեն, ուլտրաձայնային, էնդոսկոպիկ սարքավորումներ: Բացի այդ, ամբողջովին հագեցվել են վիրասրահները, կենտրոնը հագեցվել է նաև կահույքով և բժշկական պարագաներով: