Մ. Սարգսյան. Հայ-վրացական տնտեսական հարաբերությունների առյուծի բաժինն ընկնում է տրանզիտային առևտրին
Հայ-վրացական տնտեսական հարաբերությունների առյուծի բաժինն ընկնում է տրանզիտային առևտրին։ Թբիլիսիում կայացած հայ–վրացական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը: Համաժողովը կազմակերպել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը:
«Եթե մեր ապրանքաշրջանառության շուրջ 70 տոկոսը իրականացվում է Վրաստանով, ապա, ինչպես ցանկացած տրանզիտային առևտրի դեպքում, Վրաստանի համար դա էական լրացում է պետական գանձարանին և հատկապես ուղղակի ազդեցության գործոն երկրի բարեկեցության վրա»,-ասել է պատգամավորը:
Զարգացման Հայկական Գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը ծավալուն շնորհանդեսով հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի գործարար մթնոլորտը և բարեփոխումների ընթացքը, ինչը էականորեն թեթևացնելու է բիզնեսի բեռը։
Առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ներկայացնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայկական նվաճումները և Վրաստանում արդեն գործակցության փաստը՝ «ԲԱՐՎԱ» ինովացիոն կենտրոնի նախագահ, ՀՀ ԱԱՊ նախագահության անդամ Արամ Վարդանյանը զարմացական ժպիտներ շարժող փաստ ներկայացրեց։ Վրաստանի անկախության տոնը նշանավորելու հանդիսավոր արարողության պահին սպասվող տեղատարափ անձրևը ամեն ինչ խաթարելու էր, եթե չլիներ իրեց պատրաստած հակակարկտային «Զենիթ» համակարգը, որը մի քանի րոպեում գորշ ամպերի զանգվածը ցրելով՝ լուսավոր բացվածք է ստեղծում երկնքում՝ ուղղակի փրկելով մեծ հանդիսությունը։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, «Հայաստանի վաճառականներ» ՀԿ նախագահ Ցոլվարդ Գևորգյանը, «ԷՍԿՈ ԿՈՆՑԵՌՆ» ընկերության նախագահ Սարգիս Աղաբեկյանը և շատերը վրաց գործարարներին ներկայացրեցին համագործակցության ակտիվացմանը նպաստող շատ գործոններ։
Գործարար «ԲԻ ԹՈՒ ԲԻ» ձևաչափով մեծ հանդիպումը հրաշալի հնարավորություն էր հին կապերը աշխուժացնելու, նորերը ստեղծելու և համատեղ ծրագրեր իրականացնելու համար։
Գործարար համաժողովի ավարտին ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը հայաստանյան պատվիրակության կողմից պատրաստակամություն հայտնեց նման բիզնես ֆորումները դարձնել շարունակական՝ նպաստ բերելով հայ–վրացական տնտեսական կապերի առավել զարգացմանը։