ՀՅԴ-ն էլ հանդիպեց Գ.Կոստանյանի հետ. «Նա ունի շատ հետաքրքիր մոտեցումներ և դա դրական է»
«Իրարից տարբերվող անձինք են, որովհետև Աղվան Հովսեփյանը ավելի փորձառու դատախազ է, իսկ նոր առաջադրված անձը այդքան մեծ փորձառություն չունի: Բայց Գ.Կոստանյանն ունի շատ հետաքրքիր մոտեցումներ նորարարական իմաստով, գիտելիքներ արդիականացնելու համար և սա շատ դրական է: Խմբակցությունը դեռ չի քննարկել, թե ինչպես կքվեարկի ԱԺ-ում, բայց նշեմ, որ անձի հետ կապված մենք խնդիր չունենք, մենք խնդիր ունենք համակարգը աշխատացնելու հետ»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի հետ հանդիպումից հետո: Բացի այն, որ Գ.Կոստանյանը դաշնակցականներին է ներկայացրեց իր մոտեցումները, նա նաև լսել է վերջիններիս հարցերը: Մասնավորապես` ի՞նչ ծրագրեր են նախատեսում իրականացնել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի շրջանակում, քանի որ Գ.Կոստանյանը հանձնաժողովի անդամ է: Այս մասին հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը.
«Գլխավորապես մեզ հետաքրքրում էր, թե ինչպես է ինքը տեսնում Ազգային Ժողովի վերահսկողության ավելի բարձր մակարդակ ապահովելը դատախազության գործունեության նկատմամբ և դրա հետ կապված իր մոտեցումները որոնք են, որովհետև իրեն քաջ հայտնի է, որ մեր խնդիրը ընդհանրապես խորհրդարանական համակարգին անցնելն է և առնվազն գոնե այդ տիրույթում ԱԺ վերահսկողության մեծացնելը ամենակարևոր քայլերից մեկը կլինի»,- նշեց նա, ինչպես նաև ներկայացրեց երկրորդ խնդիրը, որ հանդիպմանը բարձրացրել է ՀՅԴ-ն:
Ըստ այդմ, քննարկվել է արտագաղթի պատճառներից մեկը` անարդարության զգացումը ժողովրդի մոտ, որ կապված է արդարադատության համակարգի հետ: Ա.Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ի առաջարկած ծրագրում փոփոխություններ կան այս ոլորտի վերաբերյալ և շատ կարևոր է, որ միասնաբար քննարկվեն դրանք.
«Խոսքը նախնական նախագծի մասին է, չենք ուզում, որ այն լինի միայն ներկուսակցական նախաձեռնություն, այլ վերկուսակցական բնույթ ունենա` ազգային ծրագրի բնույթ ստանա: Գ.Կոստանյանը պատրաստակամություն հայտնեց, որ այն հարցերը, որոնք վերաբերում են իր ոլորտին, կարողանանք դրա հետ կապված քննարկումներ ունենալ և ծրագիրն ավելի բարելավել»,- նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Նշենք, որ այս պահին դատախազի թեկնածուն այսօրվա իր վերջին հանդիպումն է անցկացնում Ժառանգություն խմբակցության անդամների հետ: ՀՀԿ-ի հետ նա կհանդիպի արդեն երկուշաբթի առավոտյան