Քաղաքաշինության նախարարություն, ԱԺ, քաղաքապետարան. Ժանգոտ կողպեքն այս տարի շատ հասցեատեր ուներ
Տեղեկատվության ազատության միջազգային օրվա կապակցությամբ Երևանում այսօր տեղի ունեցած Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Panorama.am-ին շնորհվեց վկայագիր և խորհրդանշական Ոսկե բանալի մրցանակ` որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց:
Բացի մեր լրատվամիջոցից դրական համարվող ոսկե բանալին ստացան նաև ՀՀ Ֆինանսների նախարարությունը` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգը` www.e-register.am` որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն: Ի դեպ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանին Ոսկե բանալի մրցանակը հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ոսկե բանալի մրցանակ ստացավ նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը` որպես տեղեկատվության ազատության խախտված իրավունքը վերականգնած դատավոր, ինչպես նաև իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը` որպես տեղեկատվութան ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետևողական պայքարող իրավաբան:
Բացի Ոսկե բանալի դրական մրցանակից, ըստ ավանդույթի, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տրամադրում է նաև բացասական մրցանակներ` Ժանգոտ կողպեքը, որպես փակ աշխատանքի խորհրդանիշ և այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, այդ մրցանակը շնորհվեց մի քանի պետական կառույցների. ՀՀ Քաղաքաշինության նախարարություն, ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ, Երևանի քաղաքապետարանին` որպես քաղաքացիների տեղեկություն ստանալու հարցումներին ամենադանդաղ պատասխանող մարմին և ՀՀ Ազգային ժողովին` որպես Հայաստանի Հանրապետության ամենափակ գերատեսչություն, որն ամենավատն է կատարում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները:
«Իհարկե, պետական մարմինների կողմից ինֆորմացիայի` բաց և թափանցիկ տրամադրման առաջընթաց կա, բայց դրան զուգահեռ աճել է այն դեպքերի թիվը, երբ պետական գերատեսչությունները տալիս են ոչ ստույգ և բավարար տեղեկատվություն, հաճախ նաև ստանում ենք մերժումներ, որոնք հիմնավորված չեն»,- ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը: