Հ. Մելիք-Շահնազարյան. Միջազգային հետազոտական կենտրոններում առաջ քաշվող ադրբեջանամետ թեզերի դեմ պետք է պայքարել
«Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը փակուղային վիճակում է, և Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների հետ կապված` միջազգային միջնորդները ակտիվություն չեն ցուցաբերում: Սակայն տարբեր միջազգային հետազոտական կենտրոններում առաջ են քաշվում հակամարտության կարգավորման նոր տեսություններ, օրինակ Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցում առկա են մոտեցումներ, որոնք վնասակար են հայկական դիրքերի տեսանկյունից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նրա խոսքով, արևմտյան փորձագիտական շրջանակներում փորձում են հավասարության նշան դնել Հայաստանի և Ադրբեջանի գործողությունների մեջ: Նա օրինակ բերեց, որ եթե ԼՂ բանակցային գործընթացի տապալման հիմնական պատճառ միշտ ընկալվել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն և Ադրբեջանում նրա հերոսացումը, ապա դրան զուգահեռ փորձ է արվում որպես նման գործոն ներկայացնել Ստեփանակերտի օդանավակայանը բացելու ցանկությունը:
«Սա արդեն առկա է Ճգնաժամային խմբի երեկ հրապարակված զեկույցի մեջ: Այդ թեզն առկա է նաև Լոնդոնի «Ռուսի» թագավորական հետազոտական ինստիտուտի կողմից արված հետազոտությունում, ընդ որում ադրբեջանական ֆինանսավորմամբ, որը չի թաքցվել: Փորձում են այդ թեզը զարգացնել և բերել քաղաքական դաշտ»,- ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով` երկրորդ շրջանառվող թեզը ԵԱՀԿ մինսկի խմբի անարդյունավետ լինելու մասին է, թե Մինսկի խումբը տարիներ շարունակ որևէ կերպ չի նպաստել հակամարտության լուծմանը, հետևաբար պետք է փոխել բանակցային ձևաչափը:
«Ադրբեջանն իսկապես շահագրգռված է Մինսկի խմբի ձևաչափի քայքայման մեջ, քանի նրա հիմնական դաշնակից և ավագ եղբայր Թուրքիան, չլինելով Մինսկի խմբի կազմում, փաստացի զրկված է Հարավային Կովկասում քաղաքականությամբ ակտիվ զբաղվելու հնարավորությունից: Որպեսզի այդ թեզերը օդում չմնան, ադրբեջանական կողմը փորձում է ակտիվություն մտցնել հայ-ադրբեջանական սահմանում`դիվերսիոն գործողություններով, իսկ այս ամենը կոչված է միջազգային հանրությանը ցույց տալու, որ հակամարտությունը սառեցված չէ»,- նկատեց Հ. Մելիք-Շահնազարյանը:
Երրորդ թեզի մասին խոսելիս` վերջինս ընդգծեց, որ Ադրբեջանը ակտիվորեն փորձում է ցույց տալ, որ չնայած հայկական կողմը հաղթել է պատերազմում, բայց գլոբալ առումով պարտվել, քանի որ տնտեսական ցուցանիշներով զիջում է: Այդ համատեքստում, քաղաքագետի խոսքով, անընդհատ թվեր են ներկայացվում Ադրբեջանի տնտեսական առաջընթացի, ռազմական բյուջեի մասին և այլն:
«Այս թեզերը այժմ զուտ փորձագիտական մակարդակով են առաջ քաշվում, սկզբում դրանք կդառնան տեղեկատվական գործոն, սակայն համոզված եմ, որ ժամանակի ընթացքում կդառնան քաղաքական գործոն, որի դեմ պետք է պայքարել»,- ընդգծեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը: