Ջեյմս Ուորլիք. Հակամարտության կողմերի ղեկավարներն իրենց ժողովուրդներին պետք է նախապատրաստեն խաղաղության
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերից լսել եմ մեկ ուղերձ, որ բոլորն են ուզում գտնել խաղաղ կարգավորման ճանապարհ: Ոչ ոք չի ցանկանում հակամարտության վերսկսում: Եվ ես աշխատելու եմ բոլոր կողմերի հետ` գտնելու առաջ գնալու համար անհրաժեշտ կառուցողական եղանակներ»,- այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով իր առաջին տարածաշրջանային այցին, նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարելի է ասել Ադրբեջանի նախագահի վերջին ելույթի մասին, որում վերջինս մի քանի անգամ հայերին ֆաշիստներ է անվանում, սպառնում իր երկրի բանակի հզորությամբ, հպարտանում 9,5 մլն բնակչությամբ, Ջ. Ուորլիքը հիշեցրել է հռետորաբանությունից խուսափելու մասին Մինսկի խմբի երեք երկրների նախագահների հայտարարությունը:
«Հանդիպել եմ նախագահ Ալիևին ու գիտեմ, որ նա նույնպես ցանկանում է խաղաղ կարգավորում, և ուզում եմ կրկնել, որ կողմերի ղեկավարներն իրենց ժողովուրդներին պետք է նախապատրաստեն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»,- ընդգծել է Ջ. Ուորլիքը;
Ամերիկացի համանախագահը կարևորել է հակամարտության լուծման գործում փոխզիջումների հանգամանքը, սակայն փաստել, որ ինքը նույնպես չունի խնդրի կարգավորման «ճանապարհային քարտեզ»` հավելելով, որ ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ Մինսկի խմբի մյուս երկրների գործն է նման քարտեզի տրամադրումը:
«Սակայն հույս ունենք, որ հակամարտության բոլոր կողմերը կդրսևորեն քաղաքական կամք` առաջ գնալու բանակցությունների եղանակով»,- ասել է նա:
Ամերիկացի դիվանագետը տեղեկացրել է, որ Նյու Յորքում հանդիպելու է Մինսկի խմբի ռուս և ֆրանսիացի գործընկերներին, ում ներկայացնելու իր առաջին այցի առաջին տպավորությունները, և կարևորել է նրանց տեսակետները լսելը: Նա չի ցանկացել կանխատեսել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումների ընթացքը, սակայն կոչ է արել պարբերաբար շարունակել անկեղծ քննարկումները: Ջ. Ուորլիքը նաև նշել է, որ շփման գծում լինելը վստահեցրել է իրեն լարված վիճակի առկայության մասին:
«Այստեղ հասկացա, թե որքան կարևոր է, որ ամեն ինչ անենք` թշնամական գործողությունները դադարեցնելու համար: Հակամարտություն, որ իրոք չի բխում ոչ Ադրբեջանի, ոչ էլ Հայաստանի բնակչության շահերից»,- շեշտել է նա:
Անդրադառնալով հարցին, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու փաստը որևէ կերպ կանդրադառնա՞ խաղաղության գործընթացի կամ հակամարտության նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքի վրա, Ջ. Ուորլիքը պատասխանել է, որ Հայաստանն ինքը պիտք է կատարի իր ապագայի վերաբերյալ ընտրություն:
«Գիտեմ, որ Հայաստանն իրոք ցանկանում է Եվրոպայի հետ ունենալ ապագա: Պարզապես մնում է սպասել` տեսնելու, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները»,- ասել է Ջ. Ուորլիքը` հույս հայտնելով, որ հարատև խաղաղություն հաստատելու ջանքերը մեծ ցանկության դեպքում կտան բարի պտուղներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում