Կուրիլյան կղզիների վերաբերյալ Ճապոնացի նախարարի հայտարարությունը չի ազդի ՌԴ-ի հետ բանակցությունների վրա
Ճապոնական կառավարությունը նախարար Իտիտա Յամամոտոյի` Կուրիլյան կղզիները Ճապոնիային վերդարձնելու հայտարարության հետ կապված որևէ խնդիր չի տեսնում, և չի կարծում, թե դա պետք է խանգարի Ռուսաստանի հետ տարածքային խնդիրները լուծելու բանակցություններին և հաշտության պայմանագրի ստորագրմանը: «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` այս մասին այսօր Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:
Ըստ աղբյուրի` Սուգան մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է, որ երկկողմ առանց վիզայի այցերը երկու երկրների մեջ փոխըմբռնման խորացմանն են ուղղված, և նախարար Յամամոտոն Կուրիլներ կատարած այցից հետո ընդամենը հայտարարել է, որ Ճապոնիան ձգտում է Ռուսաստանի հետ բանակցությունների միջոցով լուծել տարածքային խնդիրները, իսկ այդ խոսքերը չեն հակասում այցերի նպատակին և չպետք է արժանանան ռուսական կողմի քննադատությանը:
Ավելի վաղ, Մոսկվան Տոկիոյին զգուշացրել էր, որ կարող է սահմանափակել ճապոնացի պաշտոնյաների այցերը Կուրիլյան կղզիներ, եթե վերջիններս ռուսական տարածք այցելելիս զերծ չմնան կղզիների թեմայով հանրային ելույթներից:
Հիշեցնենք, որ Հարավային Կուրիլյան կղզիները Ճապոնիայից անցել են ԽՍՀՄ-ին` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ճապոնական կողմը պահանջում է վերադարձնել կղզիները, իսկ Ռուսաստանը, որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, Կուրիլյան կղզիները համարում ՌԴ տարածքային ամբողջականության անքակտելի մաս: Պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի և Ճապոնիայի միջև դեռևս հաշտության պայմանագիր դե յուրե չի կնքվել, որի գլխավոր պատճառ են համարվում կղզիների պատկանելիության շուրջ վեճերը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան