Կարեն Գրիգորյանը` բրոնզե մեդալակիր
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ավարտված Եվրոպայի պատանիների արագ շախմատի առաջնությունում մինչև 18 տարեկանների խմբում նվաճել է բրոնզե մեդալ:
18-ամյա գրոսմայստերը, բացի այս հաջողությունից, վերջերս իրար հետևից 3 խոշոր հաղթանակներ է ունեցել. Իսպանիայի Սիտգես քաղաքում, Հայաստանի առաջնության առաջին խմբի և Մարտունիում կայացած «Սևանա լիճ» մրցաշարերում նա միանձնյա զբաղեցրել է առաջին տեղը: Թե ինչպես է դա Կարենին հաջողվել, փորձել է պարզել «Շախմատային Հայաստան» պարբերականը:
- Կարեն, շնորհավորում եմ քեզ: Փորձենք միասին մարսել քո հաջողությունները: Սկսենք Իսպանիայից: Ի՞նչ կպատմես:
- Իսպանիայում, կոնկրետ` Կատալոնիայում, 3 մրցաշարերի մասնակցեցի: Առաջին երկուսում այդքան էլ հաջող հանդես չեկա: Ու ինքս ինձ ասացի, որ այսպես չի կարելի: Իսպանիայում լինելու հաճույքը պետք է համատեղել օգտակարի հետ: Երրորդ մրցաշարը սկզբից էլ շատ լավ ստացվեց: Արդյունքում վաստակեցի 7.5 միավոր հնարավոր 9-ից և միանձնյա զբաղեցրի առաջին տեղը:
- Հետո առաջինը դարձար Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարում: Ինչպե՞ս անցավ այն:
- Իսպանիայից հաղթական լիցքերով եկա Հայաստան: Առաջին խմբի մրցաշարում սկզբում լավ չէի խաղում. 5-ից 3 միավոր ունեի: Հետո սկսեցի հաղթել և այդպես հաջող էլ շարունակեցի մինչև առաջնության ավարտը:
- Հասանք Մարտունու «Սևանա լիճ» միջազգային մրցաշար: Այստե՞ղ ինչպես հաջողացրիր առաջինը դառնալ:
- Մարտունի մեկնելուց առաջ չէի էլ մտածում, որ կկարողանամ այդքան հաջող հանդես գալ: Ասում էի` հնգյակի մեջ հայտնվեմ, էլի լավ է: Առաջին խաղում հաղթեցի Ռոբերտ Հովհաննիսյանին, ում հետ վերջին 5 տարվա ընթացքում երկու-երեք պարտիա էի խաղացել, և ոչ մեկում չէի հաղթել: Մնացած խաղերն էլ էին ստացվում, չնայած որ շատ լարված էին: Օրինակ` վերջին պարտիաս, որը Մարկուս Ռագերի` Ավստրիայի առաջին համարի հետ էր, տևեց մոտ 6 ժամ: Վատ դիրք ունեի, բայց ինձ հաջողվեց հաղթել: Հպարտություն ապրեցի այդ պարտիայից հետո: Ես երկու-երեք տարի առաջ տեսել էի Մարկուսի խաղերը համակարգչով, դրանք ինձ շատ էին դուր եկել, ու մտքովս անցել էր` տեսնես մի օր կգա, որ կհաղթեմ նրան:
- Ասում են` պարտություններն են նպաստում, որ մարդն առաջ գնա: Իսկ քեզ մոտ փաստորեն հաղթանակները միմյանց չեն խանգարում: Ինչպե՞ս կմեկնաբանես:
- Պարտություններ նույնպես ունեցել եմ: Ասեմ, որ եթե Իսպանիա չգնայի, չէի կարողանա մյուս 2 մրցաշարերում հաղթել, քանի որ մայիսից հետո ոչ մի մրցաշարի չէի մասնակցել: Նաև ամեն հաղթանակից հետո մտածում էի, որ այս անգամ ստացվեց, մյուս անգամ կարող է չստացվել: Ինձ թվում է` պրոֆեսիոնալ մարզիկը միշտ պետք է մտածի առաջ գնալու մասին, երբեք չնշի իրեն սահմաններ և անընդհատ առաջադիմի:
- Ո՞ր մրցաշարի հաղթանակն էր ավելի դժվար կամ անսպասելի:
- Չէի սպասում, որ Մարտունիում կհաղթեմ: Մյուս 2 մրցաշարերում հաղթանակներս ինչ-որ տեղ հավանական էին: Մարտունիում ինձ օգնեց այն, որ առաջին 3 համարներին հաղթեցի. դժվար պարտիա շահելը միշտ ոգևորիչ է:
- Մոտ ապագայում ի՞նչ անելիքներ ունես:
- Մասնակցելու եմ Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների անհատական առաջնությանը: Այդտեղ լավ շանսեր ունեմ մեր ազգին ուրախացնելու: Դրանից հետո աշխարհի պատանեկան առաջնությունն է: Հունվարին մասնակցելու եմ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբին, որը չափազանց բարդ է լինելու:
- Այդ առաջնությունում ո՞ւմ ես ուժեղ մրցակից համարում:
- Բոլորը պրոֆեսիոնալ, փորձված մարզիկներ են: Համոզված եմ, որ պայքարը թեժ և դիտարժան է լինելու: Պետք է առանձնացնեմ Տիգրան Պետրոսյանին` և ըստ վերջին տարիների արդյունքների, և ըստ վարկանիշի նրա շանսերը մյուսներից բարձր են: Բոլորիս համար դժվար կլինի հատկապես նրա հետ:
- Ո՞ր շախմատիստների խաղաոճերն ես համակրում:
- Չգիտեմ, թե ինչքանով է ստացվում, բայց ձգտում եմ նմանվել այսօրվա առաջին և շախմատիստներին` Կարլսենին եւ Արոնյանին: Բարձր եմ գնահատում նաև Միխայիլ Բոտվիննիկին:
- Ի՞նչ դեր ունի քո հաջողություններում մարզիչդ` Հովիկ Խալիկյանը:
- Ես շատ եմ հանդիպում Խալիկյանի հետ, մենք խոսում ենք մրցաշարերից, պատրաստվում դրանց: Առաջին լիգայում նա ինձ շատ օգնեց. ինչպես նշեցի` այդքան էլ հաջող չէի սկսել առաջնությունը, բայց, Խալիկյանի խորհուրդներին հետևելով, սկսեցի լավ արդյունքներ ցույց տալ: Մոտ 3 տարի է համագործակցում ենք, և այդ ողջ ընթացքում նա ինձ հոգեբանորեն էլ է աջակցել:
- Լարված մրցաշարերից հետո ինչպե՞ս ես կազմակերպում հանգիստդ:
- Փորձում եմ ամեն գնով շախմատից հեռու լինել: Հանդիպում եմ ընկերներիս հետ, նայում եմ ֆուտբոլ, եթե հարմար է, նաև խաղում եմ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները