ՕԵԿ-ը դրական է գնահատում Գ.Կոստանյանի մոտեցումները
«Շատ հետաքրքիր էին թեկնածուի մոտեցումները, դրա համար քննարկումը տևեց մոտ մեկ ժամ: Սա նորմալ աշխատանքային քննարկում էր»,-այս մասին լրագրողներին հայտնեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը` ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի հետ խմբակցությունում հանդիպումից հետո` հավելելով, որ Գ.Կոստանյանի մոտեցումները, սկզբունքները ու տեսլականը, որ կա, ինչպես նաև իրավական դաշտի զարգացումներին իր մոտեցումները ՕԵԿ-ի կողմից դրական են գնահատվում:
Ինչ վերաբերում է նրան, թե կա մի հարց, որ կարող է ստվերել թեկնածուին, ՕԵԿ պատգամավորը տեղեկացրեց, որ Գ.Կոստանյանի հետ կոնկրետ խնդիրներ չեն քննարկել, այլ ուղղակի ուրվագծել են ընդհանուր մոտեցումները:
«Իհարկե կարևորել ենք բոլոր խնդիրները, բայց առանձին կոնկրետ խնդիրներ չենք քննարկել»,- լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք քննարկվել են սյունիքյան հայտնի դեպքերը արձագանքեց Շահգելդյանը:
Իսկ հիշեցմանը, թե Արթուր Բաղդասարյանի անունը ևս շրջանառվում էր գլխավոր դատախազի պաշտոնում, արդյոք Գ.Կոստանյանը ՕԵԿ-ի նախընտրելի թեկնածուն է, շեշտեց. «Հարցը կոռեկտ չէ, առավել ևս, որ Ա.Բաղդասարյանի շուրջ լուրերը ի սկզբանե հերքվել են»:
Հարցին, թե արդյո՞ք ՕԵԿ-ը կողմ է քվեարկելու թեկնածուի օգտին, Մ.Շահգելդյանը նշեց, թե խմբակցության դիրքորոշումը կերևա քվեարկության ընթացքում: