Սերժ Սարգսյանը Բագրատաշենում մասնակցեց նոր սահմանային անցակետի հիմնարկեքին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Բագրատաշենում մասնակցեց նոր սահմանային անցակետի հիմնարկեքի արարողությանը, որը կյանքի է կոչվել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ-ում ԵՄ-ի պատվիրակության ղեկավար Տրայան Հրիշտեան, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, պետական սահմանների կառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Արարողությանը նախորդած լրագրողների հետ ճեպազրույցում Բրեդլի Բուզետտոն նշեց, որ այդ ծրագրի իրականացումը եռակողմ է, այն ՀՀ, ԵՄ-ի և որպես կատարող ՄԱԿ-ի զարգացման ծրագրի սերտ և կառուցողական համագործակցության տիպիկ օրինակ է:
«Զարգացման մարտահրավերները բարդ են և դրանց լուծման համար անհրաժեշտ է համագործակցության և գործընկերության սկզբունքների վրա հիմնված մոտեցումներ: Մեր գործընկերների` ՀՀ կառավարության և ԵՄ-ի հետ միասին մենք կարող ենք առաջընթաց ապահովել»,-նշեց Բ. Բուզետտոն:
Տրայան Հրիշտեան էլ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՀ-ի` Մաքսային Միությանը անդամակցելու որոշումը չի խոչընդոտի ԵՄ-ի հետ ՀՀ-ի համագործակցությանը, մասնավորապես սույն դաշտում ծրագրերի իրականացմանը նշեց, որ առևտուրը աշխարհում ունի իր կանոնները, որոնք ամենևին կապված չեն նրա հետ, թե այս կամ այն երկիրը տնտեսական համակարգման որ շրջանակներում է ընդգրկված:
Իր հերթին, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նշեց, որ սույն ծրագրի իրականացմամբ, ՀՀ քաղաքացիների համար էլ ավելի կհեշտանա սահմանը հատելու գործընթացը, կպակասի քաշքշուկը, մյուս կողմից` նոր համակարգերի ներդրման շնորհիվ ավելի կնվազեն կոռուպցիոն ռիսկերը: «Այսօր ազդարարում ենք երեք անցումային կետերի շինաշխատանքների սկիզբը, որը մեր բարեփոխումային ծրագրերի առանցքներից է»,-նշեց Գ. Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ շինաշխատանքների ավարտից հետո կունենանք ժամանակակից անցակետեր, որտեղ տեղադրված կլինեն վերջին մոդելի զննող, հսկող սարքավորումներ: Ինչ վերաբերում է սահմանային անցակետերում կոռուպցիոն ռիսկերին, ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ կոռուպցիոն ռիսկերը մինիմալ կլինեն, քանի որ մարդկային միջամտությունը էականորեն նվազելու է:
Իր հերթին, Ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչություն պետ Արամ Թանանյանը նշեց, որ ենթակառուցվածքների նախագծումը իրականացվել է լատվիական «Արհիս» ընկերության կողմից` Լատվիայի և Բելառուսի պետական սահմանին գործող ՊՍԱԿ-ների նախագծային լուծումների հիման վրա, իսկ շինարարական աշխատանքները իրականացնող գլխավոր կապալառուն «Սադե» կոնսորցիումն է:
«Կառուցապատվելու է մոտ 15.000 քմ տարածք և 2.5 տարի հետո մենք ունենալու ենք նորագույն սարքավորումներով հագեցած և միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանող անցակետեր»,-ասաց Ա. Թանանյանը:
Ըստ նրա, ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը 30.316.000 եվրոյի վարկ է ստացել Եվրոպական ներդրումային բանկից ՊՍԱԿ-ների ենթակառուցվածքները արդիականացնելու և դրանք արդի տեխնիկական միջոցներով ապահովելու համար, և 10.293.000 եվրոյի վարկ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից Բագրատաշենում Հայաստանը Վրաստանին կապող կամրջի կառուցման համար:
Ա. Թանանյանը ասաց, որ այդ վարկերի հետ միասին 12 միլիոն եվրոյի դրամաշնորհ է հատկացվել Եվրոպական հանձնաժողովի «Հարևանության ներդրումային գործիք» հիմնադրամի կողմից և ավելի քան 3 միլիոն եվրո ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» կողմից ֆինանսավորվող ՍՀԿ ծրագրի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին