Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով (տեսանյութ, լուսանկարներ)
ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի եռակի դափնեկիր, Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, դերասան Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի գլխավորությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարությունից:
Սոս Սարգսյանը մահացել է նախօրեին կյանքի 84-րդ տարում:
Հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը ծնվել է 1929թ. Ստեփանավան քաղաքում: 1948թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում որպես դերասան: 1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Ինստիտուտը ավարտելուց հետո գրեթե չորս տասնամյակ` 1954-1991թթ., աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվանթատրոնում: 1991թ. հիմնադրել է «Համազգային» թատրոնը: 1997- 2000թթ. եղել է Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտորը: 2008թ.` ՀՀ հանրային խորհրդի անդամ:
Առաջին դերը թատրոնում «Դավիթ Կոպերֆիլդն» էր (1947թ.), հետագա կերտած դերերից են` Դոն Քիշոտը, Յագոն, Ջոն և Լիր արքաները, «Հացավանի» Մացակ ապերը, Սանիտայի թաղապետը և այլն: Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում:
Նրա մտավորականի կերպարը լավագույնս ներկայացված է անվանի ռեժիսոր Կիմ Բակշիի «Մատենադարան» վավերագրական ֆիլմաշարում: Ստեղծագործել է նաև որպես բեմադրիչ և ունի թե՛ թատերական, թե՛ կինոբեմադրությունների հաջողված փորձեր:
Ներկայացնում ենք Panorama.am-ի հարցազրույցը մեծանուն դերասանի հետ, որն արվել է գրեթե մեկ տարի առաջ. Սոս Սարգսյան. «Հոգիս չառած, միտքս չառնես, Աստված» (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան