Համանախագահները կքննարկեն մինչև տարեվերջ նախագահների միջև հանդիպում կազմակերպելու հարցը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքն (ԱՄՆ) ու Ժակ Ֆորը (Ֆրանսիա) նախօրեին Նյու-Յորքում համատեղ հանդիպում են անցկացրել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այս մասին ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում:
Հայտարարության համաձայն, հանդիպման ժամանակ շարունակվել են բանակցային խաղաղ գործընթացի շուրջ քննարկումները: Համանախագահները վերահաստատել են իրենց երկրների հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորմանն ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներին հիման վրա:
Հայտարարության մեջ հղում է արվում նաև եռանախագահող երկրների նախագահների 2013 թ-ի հունիսի 18-ի համատեղ հայտարարությանը, որում կողմերին առանձնակի կոչ էր արվում «զերծ մնալ այնպիսի գործողություններից և քայլերից, որոնք կարող են լարվածություն առաջացնել տարածաշրջանում և սրել հակամարտությունը»:
«Նախարարներն վերահաստատել են իրենց վճռականությունը համանախագահների հետ շարունակել աշխատանքներն հակամարտության խաղաղ կարգավորմանն հասնելու նպատակով: Սպասվում է, որ նրանք նոյեմբերին կայցելեն տարածաշրջան նախագահների հետ քննարկելու մինչ տարվա վերջ ծրագրված գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցեր», - ասված է հայտարարության մեջ: