«Բացօթյա պատկերասրահ»-ում ժամանակակից նկարիչների ցուցահանդես-վաճառք է
«Սոբեսեդնիկ Արմենիի» թերթը սեպտեմբերի 27-29-ը Բուսաբանական այգում «Բացօթյա պատկերասրահ» ծրագրի շրջանակներում կազմակերպում է ժամանակակից նկարիչների ցուցահանդես-վաճառք: Նկարների վաճառքից ստացված գումարն ուղղվելու է Բուսաբանական այգուն անհրաժեշտ նոր տնկարանի համար պոմպի ձեռքբերմանը: Նոր տնակարանում աճեցվելու են ծառեր Հայաստանի հյուսիսի անտառների վերականգնման համար: Այս նախաձեռնության մասին Panorama.am-ի հետ զրույցում պատմեց ծրագրի մենեջեր Մառա Աբրահամյանը:
«Ցուցահանդեսում ներկայացված է 27 նկարիչների (Սեյրան Գասպարյան, Ռոմեո Ավագյան, Անուշ Առաքելյան, Արա Շախատունի, Սերգեյ Մալցով և այլն) ավելի քան 150 աշխատանքներ: Բացի իրենց նկարները ներկայացնելուց, նրանք մեզ շատ օգնեցին՝ կազմակերպելով այս ցուցահանդեսը»,- ասաց նա: Մ. Աբրահամյանի խոսքով, երեկ ոչ մի նկար չի վաճառվել, սակայն եղել են մարդիկ, ովքեր խոստացել են, որ այսօր և վաղը անպայման նկարներ կգնեն. «Հույս ունենք, որ այսօր և վաղը կլինեն գնողներ»:
Ծրագրի մենեջերն ասաց, որ միայն այս ցուցահանդեսով իրենք չեն կարող հավաքել անհրաժեշտ գումարը, այսինքն՝ առաջիկայում լինելու են այլ միջոցառումներ ևս, օրինակ՝ լուսանկարների ցուցահանդես: «Հետաքրքիր միջոցառումներով ենք հանդես գալու: «Սոբեսեդնիկ Արմենիի» թերթը որոշել է մինչև հաջորդ աշուն հավաքել պոմպի համար անհրաժեշտ 2 միլիոն 850 հազար դրամը: Բուսաբանական այգին մշտապես լինելու է մեր ուշադրության կենտրոնում», -նշեց Մ. Աբրահամյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ «Սոբեսեդնիկ Արմենիի» թերթն արդեն լույս է տեսնում ամսական երկու անգամ, ունի էկոլոգիական ուղղվածություն: «Մենք այսուհետ իրականացնելու են մի շարք էկոլոգիական ծրագրեր՝ օրինակ ծառայելով ուրիշներին»,- ընդգծեց Մ. Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները