Կառավարությունը հաստատեց 2014թ-ի պետական բյուջեի նախագիծը. «2014թ-ին կառավարությանը սպասվում է բավականին լարված աշխատանք»
ՀՀ կառավարության արտահերթ նիստում այսօր մեկնարկեցին 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Բյուջեի նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Նախարարը կառավարության նիստում նշեց, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված 2014 թվականի պետական բյուջեի նախագծով ծախսային մասը կազմում է 1 տրիլիոն 272 մլրդ 237 մլն դրամ, եկամտային մասը` 1 տրիլիոն 127 մլրդ 400 մլն դրամ, իսկ դեֆիցիտը կազմելու է 110 մլրդ 200 մլն դրամ:
Նրա խոսքերով` պետբյուջեով ՀՆԱ-ն կազմելու է 4 տրիլիոն 723 մլրդ դրամ:
Ըստ Դ.Սարգսյանի` պետական բյուջեի հիմնական մասը` 45%-ը հատկացվելու է կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, անվտանգության խնդիրների լուծմանը:
«Տնտեսական աճը կանխատեսվում է, 5,2%»,- ասաց նախարարը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ կառավարությանը սպասվում է բավականին լարված աշխատանք, պայմանավորված մի քանի հանգամանքներով: «Առաջինը զարգացող երկրներում տնտեսական ցուցանիշների վատթարացում է գրանցվում: Բացի այդ, Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ՌԴ-ի տնտեսական աճը կանխատեսվել է նվազումով, ինչը մեծ ազդեցություն ունի նաև Հայաստանի տնտեսության վրա:
Արձանագրվում է նաև մասնավոր ներդրումների կրճատման միտում, ինչը ենթադրում է, որ պետք է մտածենք հարկային բեռի ճիշտ բաշխման ուղղությամբ, որպեսզի տեղի չունենա հարկային բեռի ավելացում»,- նշեց Տ.Սարգսյանը` հավելելով, որ կառավարությունը 2014թ-ի համար չի ավելացնելու հարկային բեռը:
«Եթե ամեն տարի հարկեր/ՀՆԱ ցուցանիշն ավելացվում էր 0,3 տոկոսային կետով, ապա մենք հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը չենք ավելացնում, որպեսզի բիզնեսի վրա ավելորդ ճնշումներ չլինեն և բարելավվենք բիզնես միջավայրը», - ընդգծեց վարչապետը` ավելացնելով, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը նոր միջավայր է ստեղծելու, ուստի այդ անցումը առավել սահուն իրականացնելու համար պետք է ստեղծեն հարմարավետ պայմաններ: Դրա համար էլ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը հաջորդ տարվա համար թողնում են անփոփոխ:
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ 2014թ-ի հունվարի 1-ից թոշակները կավելանան 15 տոկոսով, իսկ հուլիսի 1-ից աշխատավարձերը կբարձրացվեն 40 տոկոսով: Այս երկու ավելացումները, ըստ նրա, տեղի են ունենալու այն լրացուցիչ 90 մլրդ դրամի ավելացման շնորհիվ, ինչը 2014 թ-ի պետբյուջեում ավելանում է 2013 թ-ի համեմատ:
ՀՀ պետական բյուջեի նախագիծը կներկայացվի Ազգային Ժողովի հաստատմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան