Իրանի նախագահի վրա Թեհրանի օդանավակայանում ձվեր և կոշիկներ են նետել
Թեհրանի օդանավակայանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ուղղությամբ կոշիկներ և ձվեր են նետել: «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` այս մասին Twitter-ի իր էջում գրել է «New York Times» պարբերականի թղթակիցը:
«Ֆրանս Պրես» գործակալությունը հայտնում է, որ նախագահին օդանավակայանում դիմավորել են 200-300 կողմնակիցներ` բացականչելով` «Ռոհանի, շնորհակալ ենք քեզ»: Բացի Ռոհանիի կողմնակիցներից, նրան դիմավորել են նաև 60 մահմեդական ակտիվիստներ, որոնք, դժգոհելով Ռոհանի-Օբամա հեռախոսազրույցից, հակաամերիկյան և հակահրեական բացականչություններ են արել: Բողոքողներից մեկը կոշիկը նետել է նախագահի մեքենայի վրա, բայց չի դիպել:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին հայտարարել էր, որ Ռոհանիի հետ հեռախոսով քննարկել են Իրանի միջուկային խնդրի կարգավորումը: Ավելի վաղ, ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի նախագահն ասել է, թե իր և Բարաք Օբամայի հետ հանդիպում չի անցկացվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, քանի որ արդյունավետ հանդիպում կազմակերպելու համար բավար ժամանակ չեն ունեցել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, Իսրայելը և Արևմուտքի մի շարք երկրներ կասկածում են Իրանին միջուկային զենքի պատրաստման մեջ: Թեհրանն իր հերթին հայտարարում է, որ ուրանի հարստացումը բացառապես խաղաղ նպատակներով է: «Վեցնյակի» երկրները (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) Իրանի հետ բանակցություններ են վարում, որպեսզի վերացնեն միջուկային սպառնալիքի կասկածները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա