«Հին Երևանն այլևս չկա…» Պրոֆեսոր Իվանովը պատմում է, թե ինչպես Երևանի բնակիչները չկարողացան կանգնեցնել վտանգավոր միտումները
«Գոլոս Արմենիի» պարբերականն օրերս հրապարակել էր «Հին Երևանն այլևս չկա…» վերտառությամբ նյութ, որի հեղինակ Տիգրան Միրզոյանը հարցազրույց է ներկայացնում մոսկվացի ճարտարապետ, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի բնակարանաշինության զարգացմանն աջակցող դաշնային հիմնադրամի խորհրդական Անդրեյ Իվանովի հետ: Նշվում է, թե Իվանովը նախկինում բազմիցս նյութեր է հրապարակել Երևանի մասին և օրես այցելել է Հայաստանի մայրաքաղաք Երևանի մասին իր ապագա գրքի համար անհրաժեշտ լուսանկարներն ավարտելու համար: Պարբերականի հետ զրույցում Իվանովը, պատասխանելով մերօրյա Երևանի մասին հարցին, նշել է, թե վիճակն ավելի է վատացել և չկա մխիթարող որևէ հանգամանք:
«Ժամանելուց հետո առաջին իսկ օրը մեկնեցի տեսնելու Փակ շուկան: Սարսափելի տեսարան: Ցավալի է, որ երևանցիներն այդպես էլ չկարողացան պահպանել սովետական շրջանի Երևանի այդ ամենանշանակալի կառույցներից մեկը: Առաջին անգամ Հայաստան եմ ժամանել 1984 թ-ին և այդ ժամանակ այցելելով այդ կառույցը, անջնջելի տպավորություններով էի հեռացել», -ասել է ճարտարապետն ու հավելել, թե Երևան գալ պատրաստվող իր ընկերներին միշտ խորհուրդ էր տալիս որպես տեսարժան վայր անպայման այցելել Փակ շուկա:
«Գլխումս չի տեղավորվում, թե ինչպես կարելի է այդկերպ փչացնել ճարտարապետական նման ակնառու հուշարձանը», - ասել է պրոֆեսորը:
Պատասխանելով ստեղծված իրավիճակի համար պատասխանատու կառույցների մասին հարցին, Իվանովն առանձնացրել է քաղաքաշինական վերահսկողության պակասն ու իշխանությունների թողտվությունը:
«Եթե պատվիրատուն առանց հաստատված նախագծի սկսել է ձևափոխել շինությունը, ապա դրանում մեղավոր են իշխանությունները, այդ թվում քաղաքաշինության վերահսկողության ծառայությունը: Մենք ունեցանք ևս մեկ ծայրաստիճան վտագավոր նախադեպ: Ստացվում է, ոչ մի կառույց ապահովագրված չէ նման ճակատագրից: Կառուցել այնտեղ, որտեղ պատահում է, ինչպես պատահում է, ցավոք, իրավաչափ է դարձել», - աել է Իվանովը:
Պրոֆեսորը մտահոգություններ է հայտնել նաև Աբովյան փողոցի վրա գտնվող հայտնի ԱՕԿՍ-ի հետևում բարձրացող ահռելի բարձրահարկի կապակցությամբ, որն, ըստ նրա, էականորեն փոխել է փողոցի այդ կոլորիտային հատվածի ընկալումը:
«Ժամանակին գրել էի իմ «Հյուսիսային Պողոտան տանում է դեպի Կոնդ. տեղանքի ոգու մասին էտյուդներ» հոդվածում, որ Հյուսիսային պողոտայի շինարարությունը վատ օրինակ է այն իմաստով, որ քաղաքի կենտրոնի հետ կարելի է անել այն, ինչ ցանկանաս: Իմ մտահոգություններն իրականացան: Երևանի կենտրոնն արագ տեմպերով խտանում է, դա շատ վտանգավոր է», - ասել է Իվանովը:
Պրոֆեսորը պատմել է նաև իր հրապարակվելիք Երևանի մասին հոդվածների ամբողջայկան շարքի մասին, որն հեղինակային աշխատություն է, բաղկացած 18 փոքր էսսեներից, որոնցում ներկայացված է հեղինակի անձնական կարծիքը քաղաքի, նրա բնակիչների, հյուրասիրության և ջերմության մասին:
Հարցազրույցի ամբողջական տարբերակը ռուսերեն լեզվով այստեղ: