Կոռուպցիան և ոչ պրոֆեսիոնալ դատախազները տեղ չեն ունենալու համակարգում. Գևորգ Կոստանյան
Դատախազության համակարգում իրականացնելու համար լուրջ անելիքներ ունենք: Այսօր Ազգային ժողովում ներկայացնելով իր ծրագիրը` հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու Գևորգ Կոստանյանը:
«Ստանալով Հանրապետության նախագահի վստահությունը, երբ գալիս էի Ազգային ժողով խմբակցությունների հետ հանդիպման` ես մտադիր էի ներկայացնել այդ պաշտոնում իմ սկզբուքնները, որոնց համաձայն պետք է աշխատեի: Սակայն իրականում պարզվեց, որ իմ սկզբունքները բոլորի սկզբունքներն են, որին ուզում ենք բոլորս հասնել: Բոլորս համակարծիք են այդ հարցում»,- հայտարարեց Կոստանյանը ու ներկայացրեց այն սկզբունքները, որոնց համաձայն պետք է աշխատի իր ընտրվելու դեպքում:
Առաջինը, ըստ գլխավոր դատախազի թեկնածուի, Հայաստանի դատախազության համակարգում կոռուպցիայի դեմ անզիջում պայքար պետք է տանել:
«Կոռուպցիան տեղ չի կարող ունենալ դատախազության համակարգում»,- հավելեց Կոստանյանը: Նրա խոսքով, բացի կոռուպցիայից, դատախազության համակարգում չպետք է լինեն նաև ոչ պրոֆեսիոնալ դատախազներ: «Ոչ պրոֆեսիոնալ դատախազը չարիք է, քանի որ նրա ոչ պրոֆեսիոնալության արդյունքում կարող են խեղվել մարդկային ճակատագրեր: Դատախազության ցանկացած պաշտոնյա, ով համաձայն չէ այն կարծիքի հետ, որ կոռուպցիան ու ոչ պրոֆեսիոնալ դատախազները տեղ չունեն համակարգում, շատ շուտով իրենք տեղ չեն ունենա դատախազության համակարգում: Սա միանշանակ է», -ընդգծեց Գլխավոր դատախազի պաշտոնում նախագահի առաջադրած թեկնածուն:
Մյուս աշխատանքային սկզբունքը, որը պետք է պահպանվի Կոստանյանի կողմից, այն է, որ դատախազը չպետք է լինի որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվի քաղաքականությամբ, ինչպես պահանջում է ՀՀ օրենսդրությունը:
«Այս հարցը նույնպես իմ պաշտոնավարման ընթացքում դարձնելու եմ կարևորագույն խնդիրներից մեկը: Քաղաքականությամբ զբաղվել ցանկացող որևէ դատախազի, անկախ նրա զբաղեցրած պաշտոնից, ընձեռվելու է այդ հանրավորությունը, պայմանով, որ նա վայր կդնի դատախազի իր լիազորությունները», -հայտարարեց Կոստանյանը:
Շարունակելով ընտրվելու դեպքում իր անելիքը Գլխավոր դատախազի պաշտոնում, Կոստանյանն ասաց, որ իր կարևորագույն նպատակներից մեկը օրենքի առջև բոլորի հավասարության ապահովումն է: Նրա խոսքով, չի կարող լինել անպատժելիության մթնոլորտ, թեպետ հասարակության մոտ նման կարծիք ձևավորված է: «Համարում եմ, որ անպատժելիության մեկ դեպքն իսկ բավական է նման տրամադրությունների տարածման վրա: Օրենքի առջև բոլորն են հավասար լինելու»,- վստահեցրեց Գևորգ Կոստանյանը:
Պատգամավորներին ծրագիրը ներկայացնելուց հետո Կոստանյանը պատրաստվում է պատասխանել նրանց հարցերին: Գլխավոր դատախազի թեկնածուի փակ, գաղտնի քվեարկությունը խորհրդարանում տեղի կունենա վաղը: