Զաուր Կարաև. GTA 5 խաղը` սև բիծ ադրբեջանցի տղամարդկանց կերպարին
«Հավանաբար ճիշտ կլիներ, եթե Ադրբեջանում ընդհանրապես արգելեին Grand Theft Auto 5 խաղի կրկնօրինակների տարածումը, քանի որ այնտեղ փաստացիորեն ուղղակի վիրավորանք է հասցվում ադրբեջանական ժողովրդին»,- գրում է լրագրող Զաուր Կարաևը "Кавказская политика" կայքում:
Grand Theft Auto 5 խաղի հանդեպ ունեցած լրագրողի նման վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ խաղում Հետաքննությունների ֆեդերալ բյուրոյի գործակալը հայտնում է, որ Ադրբեջանի դեսպանատանն աշխատում է մի սարսափելի լրտես, ում պատճառով ԱՄՆ-ն մոտակա ժամանակաշրջանում կարող է լուրջ խնդիրներ ունենալ, սակայն այդ անձի ինքնությունը պարզ չէ: Փոխարենը, կա ադրբեջանցի իրազեկիչ, ով ծանոթ է լրտեսի հետ և ում առաքելության իրադարձություններից առաջ «դանակահարել են» Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցները: Այդպես, խաղի գլխավոր հերոս Մայքլին ստիպում են կատարել կեղտոտ աշխատանքը. նրան ստիպում են գտնել այն մարդուն, ով պետք է լրտեսի մասին տեղեկատվություն փոխանցի:
«Ամենահետաքրքիր փաստն այն է, որ իրազեկիչի անունը Ֆերդինանդ Քերիմով է: Խաղում նրան ընդհանուր ջանքերով բռնում և բերում են ինչ-որ շինություն, որտեղ նրան սպասում են Մայքլը, Հետաքննությունների ֆեդերալ վարչության աշխատակիցները և Մայքլի ընկերը` Թրևորը, ով հոգեկան հիվանդ և անհավասարակշռված անձ է: Այնուհետև խեղճ Քերիմովին սկսում են տանջել: Նա սկզբում դիմակայում է, սակայն արդյունքում քիչ-քիչ հաղորդում է իրեն հայտնի ամբողջ տեղեկատվությունը»,-գրում է Կարաևը:
Նա պատմում է, որ լրտեսն էթնիկ ադրբեջանցի է: Մայքլը փորձում է արտաքինով ադրբեջանցի հիշեցնող անձ գտնել, սակայն նա չգիտի, թե ինչ տեսք ունեն այդ էթնոսի ներկայացուցիչները: Այդ պահին իրեն ուղեկցող գործակալը տեղեկացնում է, որ ադրբեջանցիները ասիացիներ են:
«Եթե դա կատակ էր, ապա հիմար կատակ էր, եթե ոչ, ապա խաղի ստեղծողներին կարելի է «բութ» անվանել: Չգիտեմ` ինչքան ադրբեջանցի է այժմ GTA 5 խաղում, բայց ինձ թվում է` նրանց բոլորին դուր չէր գա, եթե իրենց ասիացի անվանեին, իհարկե, բացառությամբ Rockstar North-ի ստեղծողների», - նշում է հեղինակը:
Հեղինակը գրում է, որ խաղում Քերիմովը վայրկենապես է դավաճանում սեփական ընկերոջը` մոռանալով ամբողջ տղամարդկությունը և հայրենիքի` Ադրբեջանի հանդեպ պարտքը: «Այստեղ ակնհայտ սև բիծ է ադրբեջանական հատուկ ծառայությունների և Ադրբեջանի արական սեռի ներկայացուցիչների տղամարդկության վրա, որը միգուցե և հատուկ մտադրված չէր», - նշում է նա:
Նրա կարծիքով` հենց այդպիսի պատկերացում ունեն խաղը ստեղծողներն ադրբեջանցիների մասին: «Ամերիկացի հերոս-հոգեկան հիվանդը ցավից լացող և տանջվող ադրբեջանցուն բերում է օդանավակայան: Ադրբեջանցին կմկմում է իր ընտանիքի մասին, սակայն Թրևորը նրան ընդամենը մեկ արտահայտությամբ վայրկենապես համոզում է մոռանալ ընտանիքը և փախչել ԱՄՆ-ից: Իսկ Քերիմովն ակնհայտորեն համաձայնում է: Ահա նա` իրական տղամարդու, կովկասցի տղամարդու կերպարը: Նա կհանձնի հայրենիքը, ընկերներին և կթքի իր ընտանիքի վրա», - գրում է հեղինակը:
Հեղինակը նշում է, որ ամբողջ աշխարհում տասնյակ միլիոնավոր մարդիկ են խաղում GTA 5, սակայն հիմնական զանգվածը կենտրոնացած է ԱՄՆ-ում և անգլիախոս երկրներում: Եվ այդ երկրներում Ադրբեջանի մասին գիտեն այնքանով, ինչքանով լսել են, այն էլ միայն քչերը: Ամերիկացիների, ֆրանսիացիների, բրիտանացինրի և այլ խաղացողների մեծամասնությունը Ադրբեջանի մասին գիտեն միայն աշխարհագրության դասերից: Եվ ահա այժմ նրանց գիտելիքները համալրվեցին, այժմ նրանք գիտեն, թե ովքեր են ապրում այդ երկրում` լրտեսներ, ովքեր ոչինչ չգիտեն պատվի, պարտքի, տղամարդյության և նման ազնիվ որակների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան