Բլից. Հ.Սահակյան. Ամենակարևորը արդարադատության համակարգի նկատմամբ վստահության վերականգնումն է
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանն այսօր առավոտյան հանդիպում ունեցավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ: Մոտ 30 րոպե տևած հանդիպման մանրամասները Panorama.am-ին ներկայացրեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը.
-Պարոն Կոստանյանը ներկայացրեց իր տեսակետները, այն հայեցակարգային դրույթներն ու սկզբունքային խնդիրները, որոնք առաջ են քաշվելու իր կողմից իր ընտրվելու դեպքում: Կարծում եմ այն կոնստրուկտիվ միջավայրում, որ անցավ մեր հանդիպումը, շատ կարևոր է նաև հետագա աշխատանքի համար:
-Այն հանգամանքը, որ բոլոր խմբակցությունների հետ թեկնածուի հանդիպումները տևել են ավելի երկար արդյո՞ք խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն որևէ հարց չուներ Գ.Կոստանյանին:
-Ես չէի ասի, որ դա այդպես է՝ եթե կարճ է տևել, ապա հարցեր չունեինք, կամ բովանդակություն չկար մեր հանդիպման մեջ: Բացի այդ, իրականում այդքան էլ կարճ չի տևել մեր հանդիպումը, որպեսզի նման կարծիք ստեղծվի: Ամեն դեպքում նորից եմ կրկնում՝ բավականին բովանդակալից հանդիպում էր առարկայական շեշտադրումներով կոնցեպտուալ ու սկզբունքային հարցերին:
Մեկ բառով եթե ասեմ, և մենք նաև ԱԺ ամբիոնից ենք այդ մասին շատ հնչեցրել, հիմնական շեշտադրումները արդարադատության համակարգի նկատմամբ վստահության վերականգնման մասին է խոսքը, և այդ վստահությունը մեկ օրում չէ, որ կորել է: Այս ամենի շուրջ էր, որ իր տեսակետները հայտնեց թեկնածուն ու բացի այդ մի էլ մոռացեք, որ դեռ քննարկումների ժամանակ շատ բան լսելի կլինի:
-Ձեր կարծիքով ի՞նչ նորություն կբերի Գ.Կոստանյանն այդ պաշտոնում:
-Բոլորովին չեմ ցանկանում թերագնահատել նախորդ որևէ պաշտոնյայի, բայց այսօրվա մարտահրավերները հաշվի առնելով և նոր արագությամբ ընթացող փոփոխությունների այս միջավայրը, Գ.Կոստանյանի մասնագիտական բարձր կարողություններն ու գիտելիքները, որին ականատեսն ենք եղել նրա նախորդ պաշտոնավարման ժամանակ՝ որպես սկզբունքային ու վճռական պահերին ճիշտ կողմնորոշվող զինդատախազի և որպես նորարարական ոճի կրող ու բարեփոխումների գնացող անձ, կարծում եմ այս ամենը մեզ թույլ է տալիս վստահ լինել, որ փոփոխությունները կլինեն ակնառու և տեսանելի: Եվ ամենակարևորը՝ առաջին հերթին այդ փոփոխությունը պետք է լինի համակարգի նկատմամբ վստահության վերականգնման առումով և այդ վստահությունը պետք է լինի առաջին հերթին շարքային քաղաքացիների մոտ: Եվ ես վստահ եմ, որ կկարողանանք դրան հասնել, քանի որ մեր բոլորիս, նաև ԱԺ բոլոր խմբակցությունների ցանկությունն ու սպասելիքը թեկնածուից հենց դա է:
Նշենք, որ ԱԺ արդեն իսկ ամեն ինչ պատրաստ է ՀՀ գլխավոր դատախազի ընտրությունն անցկացնելու համար:
Նախորդիվ՝
Գ.Կոստանյանը մեծ հարգանք ունի արդեն նախկին գլխավոր դատախազի նկատմամբ
Գ.Կոստանյանը ` Ս.Խաչատրյանի և սյունիքյան դեպքերի մասին