Կոստանյանը պատրաստ է հրապարակային լինել պատգամավորների առջև
Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածու Գևորգ Կոստանյանը դեմ չէ հրապարակային լինել ու պատրաստ է հանրության ու պատգամավորների առջև ներկայացնել կատարած աշխատանքը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում ծրագիրը ներկայացնելուց հետո հայտարարեց Կոստանյանը` պատասխանելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարցին, թե «Դատախազության մասին» օրենքով դատախազը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել պատգամավորներին, եթե Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ նրան հաստատի դատախազի պաշտոնում ինչպիսի՞ն է լինելու Կոստանյանի դիրքորոշումը այդ հարցում:
Կոստանյանը հայտարարեց նաև, որ ինքը ներկայիս` Զինդատախազի պաշտոնում ևս հրապարակային է ու փորձում է հրապարակայնություն ապահովել իր գործունեության մեջ: «Նկատի ունենալով, որ դատախազության մասին օրենքը ընդամենը սահմանում է, որ գլխավոր դատախազը հաղորդում է ներկայացնում Ազգային ժողովին և նկատի ունենալով, որ հաղորդումը ասոցացվում է գրավոր հաղորդման հետ, ապա եթե Ազգային ժողովը համապատասխան փոփոխություններ կատարի դատախազության կամ ԱԺ կանոնակարգ օրենքներում, ապա ինձ համար դա ողջունելի է ու ընդունելի»,- հավելեց թեկնածուն:
Նկատենք, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը իր պաշտոնավարման ընթացքում խորհրդարանին չի ներկայացրել իր ամենամյա գործունեության վերաբերյալ հաշվետվությունները:
Կարդացեք նաև`
Կոռուպցիան և ոչ պրոֆեսիոնալ դատախազները տեղ չեն ունենալու համակարգում. Գևորգ Կոստանյան