Reporters Without Borders. Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախաշեմին ԶԼՄ-ների հանդեպ ոտնձգությունների թիվն աճել է
«Լրագրողներ առանց սահմանի» (Reporters Without Borders) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է «Թոլիշի Սադո» (Թալիշի ձայն) թերթի և կայքի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովի 5 տարվա ազատազրկման դատապարտելու փաստը: Այս մասին տեղեկացնում է իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքը:
«Ամեն ինչ խոսում է քաղաքական դատավարության մասին, որն իրականացվել է կառավարությանը քննդատող լրագրողի դեմ վրեժի ոգով: Եթե արդարադատությունը որևէ նշանակություն ունի Ադրբեջանում, այս դատավճիռը կարելի է բեկանել վերաքննիչ դատարանում և Մամեդովն ազատ կարձակվի»,- նշված է «Լրագրողներն առանց սահմանի» կազմակերպության կողմից արված հայտարարության մեջ:
Մամեդովի փաստաբանները նշում են, որ նրանք դիմելու են վերաքննիչ դատարան: Մինչ դատարանը կհայտարարի նրա վճիռը, Մամեդովը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցություն են ցուցաբերել իրեն և դատավարությունն անվանել «ամոթալի բիծ ոչ միայն Ադրբեջանի դատական համակարգի, այլև երկրի վարկանիշի վրա»:
Հիլալ Մամեդովն այս տարվա մայիսի վերջին հայտարարել էր, որ իրեն կալանավորել են «Ты кто такой? Давай до свиданья!» երգի համար: Բացի այդ, նա հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները թմրանյութ են գցել իր գրպանը:
Ադրբեջանում տեղեկությունների ազատության հարցում հարգանքը ցածր սանդղակի վրա է գտնվում, «Լրագրողներն առանց սահմանի» կազմակերպությունը վերջերս ազատ մամուլի սանղդակում Ադրբեջանին 179 երկրների շարքում դասել էր 156-րդ տեղը, սակայն այստեղ ավելի է վատթարացել իրավիճակը հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին:
Վերջին շաբաթների ընթացքում ոտնձգությունները ԶԼՄ-ների հանդեպ աճել է: Սեպտեմբերի 11-ին գերագույն դատարանը ինը տարվա ազատազրկման դատապարտեց «Խուրալ» թերթի խմբագիր Ավազ Զեյնալին: Սեպտեմբերի 17-ին անհեթեթ մեղադրանքով ձերբակալվեց և ութ տարվա ազատազրկման դատապարտվեց լրագրող Փարվիզ Հաշիմլին:
Նշենք, որ ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կոչ էր արել Ադրբեջանի իշխանություններին՝ դադարեցնել լրագրողների ձերբակալությունները: Միյատովիչը նաև նշել էր, որ անհանգստացած է անկախ ԶԼՄ-ների շուրջ բացասական զարգացումների հարցում՝ հատկապես նախագահական ընտրությունների նախաշեմին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա