Պատերազմի և ավերածությունների մեջ հայտնված Սիրիան՝ ողջ նախկին գեղեցկությամբ և հմայքով. Ցուցահանդես-վաճառք
Պատերազմի և ավերածությունների մեջ հայտնված Սիրիան այսօր ներկայացվեց նախկին ողջ գեղցկությամբ և հմայքով: Թումանյանի անվան տուն-թանգարանում բացվեց սիրիահայ լուսանկարիչ Վահե Շահինյանի «Սիրիան իմ հիշողություններում» լուսանկարների ցուցահանդս-վաճառքը, որի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստան տեղափոխված սիրիահայերին օգնության ծրագրերին:
Լուսանկարիչն իր լավատեսական շեշտադրումներով մերժում է պատերազմն ու հավատում Սիրիայի ապագային… որ խաղաղության աղավնին օր առաջ թևածի Սիրիայի երկնքում:
Լուսանկարիչ Վահե Շահինյանն արդեն երեք տարի է լուսանկարչական ապարատը ձեռքը չի վերցրել, պատճառը Սիրիայի արյունահեղ վիճակն է: Այսօր ցուցահանդեսին ներկայացնում է մոտ երեսուն տարվա իր աշխատանքը: Որոշել է օգնել սիրիահայերին և ցուցահանդես վաճառքի ամբողջ հասույթը տրամադրել նրանց:
«Բոլոր լուսանկարներն էլ հարազատ են, բոլորի համար էլ սիրտս ցավում է»,- ասաց նա և հավելեց, որ ցուցահանդեսի նպատակն է Հայաստանում ապրող տասը հազարից ավելի սիրիահայերի մոտ լավ հիշողություններն արթնացնելը:
«Ուզում էի նաև, որ Հայաստանում ապրող հայն իմանա, որ Սիրիան պատերազմ չէ, պատերազմի երկիր չէ»,- լուսանկարիչը հուզվեց ու չկարողացավ շարունակել խոսքը...Հետո էլ ասաց.«Սիրիայում խաղաղություն էր, իսկ Եվրոպան, Ամերիկան ու Իսրայելը չեն ուզում Սիրիան բարգավաճի, զորանա...Հիմա Սիրիան հիսուն տարի հետ գնաց»:
Վահե Շահինյանն արդեն 15 օր է, ինչ Հայաստանում, ասում է՝ եթե առիթ լինի, կմնա: Եկել է ընտանիքի հետ: «Հայաստան տեղափոխված սիրիահայերը պետք է հարմարվեն ու ապրեն այստեղ, չկարողանալ չկա»,- ասաց նա և ավելացրեց,- «Մոտ 20-30 հազար հայեր դեռ այնտեղ են: Ապրելը հիմա Սիրիայում բախտ է, չգիտես` ինչ կլինի հաջորդ րոպեին, մեքենա կպայթի կամ մեկ ուրիշ բան»: Հարցին՝ ինչու չեն գալիս Հայաստան, պատասխանեց. «Ինչպե՞ս գան: Երեք տարի է անգործ են, փող չունեն, ինչպե՞ս գան: Նույնիսկ տունը չեն կարող վաճառել»:
Ցուցահանդեսը բացվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, ում լուսանկարիչն իր նկարը նվիրեց և շնորհակալություն հայտնեց հայրապետական հոգատարության ու սիրիահայերին ցուցաբերած հսկայական օգնության համար:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 11-ը` ժամը 11:00-ից 17:00-ն: Այն բացվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ: Լուսանկարների արժեքը 50-ից 180 հազար դրամի սահմաններում է տատանվում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները