Արիֆ Յունուս. Ադրբեջանի նախագահի թեկնածուները տարբեր կարծիքներ ունեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում
Ադրբեջանի նախագահի թեկնածուները տարբեր կարծիքներ ունեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Այս մասին տեսազանգի միջոցով հայ լրագրողներին ասաց ադրբեջանի քաղաքագետ Արիֆ Յունուսը:
Ըստ նրա, գործող նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է կրկնել իր այն տեսակետը, թե պետք է խնդիրը լուծել բանակցային ճանապարհով, սակայն «մեր համբերությունը սահման ունի, կդիմենք ռազմական գործողությունների»:
Քաղաքագետի խոսքով, այլ թեկնածուներ էլ այն կարծիքի են, որ հակամարտությունն այլևս հնարավոր չէ խաղաղ ճանապարհով լուծել, պետք է խնդիրը լուծել ռազմական, ռազմաքաղաքական ճանապարհով:
Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու պատրաստակամությանը, ադրբեջանցի քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանում հնչել են այնպիսի կարծիքներ, թե այդ հայտարարությունից առաջ ՌԴ նախագահ Վ. Պուտինի այցը Ադրբեջան, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը ուղղված էին Հայաստանին վախեցնելուն:
Արիֆ Յունուսը նաև նշեց, որ Ադրբեջանում շատերն այն կարծիքին են, թե Հայաստանի այդ որոշումը հավասարակշռություն է ապահովել Արևմուտքի հետ հարաբերություններում՝ մենք դեմոկրատական երկիր չենք, հայերն էլ պռոռուսական կողմնորոշում ունեն: