«Ազադլիգ». Իլհամ Ալիևի նախընտրական քարոզարշավը կաթվածահար է եղել ներիշխանական կլանային պայքարի պատճառով
Իլհամ Ալիևի ագիտացիոն քարոզարշավը կաթվածահար է եղել կլանային պայքարի պատճառով: «Ազադլիգը»-ը հայտնում է, որ իշխող «Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») կուսակցության կազմակերպած հանդիպումներն ընտրողների հետ բավականին դժգույն են անցել: «Դա, անխոս, կապված է ընտրողների վստահության կորստի և իշխանության հանդեպ ունեցած դժգոհության հետ: Սակայն իշխանությունը դահլիճները և հրապարակները լցնելու նպատակով հսկայական վարչական ռեսուրս ներգրավելու հնարավորություն ունի»,-գրում է թերթը:
Մինչ նախընտրական քարոզարշավի մեկնարկը` ընդդիմադիր ԶԼՄ-ներն արդեն գրում էին, որ ներիշխանական խմբավորումները պայքարում են նախընտրական գործընթացը կառավարելու համար: Այս պայքարը հիմնականում ընթանում է նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի գլխավորած նախիջևանյան և Փաշաևների կլանի միջև. վերջինները նախիջևանցիներին հաջողությամբ դուրս են թողել գործընթացից:
«Ռամիզ Մեհթիևը, ով ղեկավարել է Հեյդար Ալիևի նախագահական պաշտոնում առաջին անգամ ընտրվելուց ի վեր տեղի ունեցած Ալիևների կլանի բոլոր նախընտրական քարոզարշավները, կորցրել է առաջին ջութակի դերը: Այդչափ կարևոր առաքելությունն այս անգամ վստահվել է տնտեսական հարցերով նախագահի օգնական Ալի Ասադովին և Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդդին Հեյդարովին»:
«Սակայն նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրը նրանք ձախողվեցին: Պարզ դարձավ, որ այդ անձինք չեն կարող կրել այդ պատասխանատվությունը, և դա ակտիվացրեց հակառակորդին: Այժմ Ռամիզ Մեյթիևի խմբավորումը նախընտրական քարոզարշավը պահում է ուշադրության կենտրոնում, որպեսզի հակառակորդի խմբավորումը չկարողանա շահաբաժին քաղել: Այսինքն` Ռամիզ Մեհթիևի հիմնական նպատակն է թույլ չտալ հակառակորդին, որպեսզի վերջինս ընտրություններից հետո դառնա իշխանության որոշիչ ուժ, քանի որ, ըստ կանոնի, ընտրությունները հաջողած ուժն է դառնում հաջորդ փուլի առաջնորդը», - գրում է աղբյուրը: